![]()
Օրերս 10 եպոսկոպոսների կողմից տարածված հայտարարության մեջ եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառների թվում մատնանշված էր նաև Կաթողիկոսի ընտրության հանգամանքը։ «Շատ ենք ցավում վերջին աﬕսներին մեր Եկեղեցու ներսում և մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»,-մասնավորապես նշել էին 10 եպիսկոպոսներն ու հավելել․ «Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել»։
Այն, որ Գարեգին Բ-ն լեգիտիմ չէ՝ չի ընտրվել արդար ընտրությունների միջոցով, նրա ընտրությունը, ավելի ստույգ՝ կարգումը Կաթողիոսի գահին եղել է օրվա իշխանությունների պարտադրանքով, տարբեր ժամանակներում վկայել են տարբեր հոգևորականներ ու հասարակական գործիչներ, գրվել է նաև օրվա մամուլում։ Ավելին՝ ժամանակին 6 եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ։
Ինչպե՞ս տեղի ունեցավ ընտրությունը
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի 450 պատգամավորներ (ընտրվել են՝ 455, ժողովին մասնակցել՝ 450 պատգամավոր) երդվեցին կաթողիկոսական թեկնածուներից Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրել արժանավորին: Ըստ օրինի՝ կաթողիկոսի թեկնածու են համարվում Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, քանի դեռ հանդես չեն եկել ինքնաբացարկով: Այս իսկ պատճառով Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման հանձնախմբի ատենապետը մեկ առ մեկ ընթերցել է բոլոր եպիսկոպոսների անունները: Արդյունքում կաթողիկոսական թեկնածուներ են մնացել.
1. Տ. Ներսես արք. Պոզապալյանը,
2. Տ. Գարեգին արք. Ներսիսյանը:
Թեկնածուների անունները պարզելուց հետո հայտարարվել է կարճատև ընդմիջում, որից հետո սկսվել է բուն ընտրությունը: Ընտրությունից առաջ կրկին պատգամավորների հաշվառում է իրականացվել, ներկա են եղել 450 պատգամավոր:
1999 թ. հոկտեմբերի 27-ի կաթողիկոսական ընտրության ժամանակ, քանի որ ի սկզբանե թեկնածուները երկուսն են եղել, ժողովում որոշում է կայացվել ընտրված համարել նրան, ով կհատեր առկա 450 ձայների հիսուն տոկոսը՝ գումարած մեկ սահմանագիծը, այսինքն՝ 226 ձայն: Նախապատրաստական աշխատանքից հետո սկսվել է բուն քվեարկությունը, որի արդյունքում Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս է ընտրվել Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
1. Տ. Ներսես արք. Պոզապալյան-163 ձայն
2. Տ. Գարեգին արք. Ներսիսյան-276 ձայն
3. Անվավեր-11 ձայն:
Այսպիսով՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ի լուր ամենքի ավետվել է Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի նոր Գահակալի՝ Գարեգին Բ Ներսիսյանի ընտրությունը։
Վկայություններ
2001 թվականին Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Նոր նախիջևանի և Մոսկվայի թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, որը, նկատենք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահի 8 թեկնածուներից էր 1995-ին կայացած կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, «Ազդագրին» տված հարցազրույցում անդրադառնալով 1999-ին կայացած ընտրությունների մասին մասնավորապես վկայել էր՝ երկրի բարձր իշխանության կողմից իրեն, որպես թեմի առաջնորդ, որն ուներ մեծ թվով պատգամավորներ, հորդորել են ընտրել Գարեգին Ներսիսյանին։ «Կառավարության արտահերթ նիստն էր, և շատ խիստ ձևով հանձնարարվեց, որ բոլոր պետական պաշտոնյաները պետք է գան Էջմիածին, իրենց աշխատանքը կատարեն, որ ընտրությունը լինի հօգուտ Գարեգին Ներսիսյանի։ Հանձնարարված էր բոլոր մարզպետներին, որ յուրաքանչյուր մարզպետ ու քաղաքապետ, իրենց շրջանի առաջնորդներին՝ եպիսկոպոսներին, պարտադրեն, որ ձայները տան Գարեգին Ներսիսյանին։ Եվ ընտրություն է գնում, Ազգային ժողովում սպանդ է տեղի ունենում։ Ցավալին այն է, որ շատերը գիտեին, որ արդեն տեղի է ունեցել այդ ոճրագործությունը, սակայն չէին թողնում այդ մասին հայտարարվի։ Այլ որպեսզի ընտրությունը այսպես կոչված իր ավարտին գա, նոր այդ մասին հայտարարվի։ Սա հանցավոր մոտեցում էր հոգևորականների և պետական այրերի կողմից, քանի որ գաղտնի եթե չպահվեր ու հայտարարվեր այդ մասին, հնարավոր է այլ ավարտ ունենար ընտրությունը կամ՝ նախևառաջ կարող էր կասեցվել։ Մայր տաճարում բացի պատգամավորներից կային անձինք, ովքեր պատգամավոր չէին։ և այդ իսկ պատճառով երեք եպիսկոպոսներով հայտարարություն տարածեցինք, որ սա ընտրություն չէ, հետևաբար՝ ընդունելի չէ։ Ցավոք սրտի, նույնիսկ երկու օրը չլրացած, մյուս երկու եպիսկոպոսները հետ քաշեցին իրենց ստորագրությունը։ Ես ամուր մնացի մեր կեցվածքին, որի հետևանքը եղավ Գարեգինի կողմից իմ նկատմամբ հալածանքները։ Առաջին գործերից մեկը եղավ ինձ պաշտոնանկ անելը։ Այն տևեց մինչև 2001 թվականը, դրանից հետո էլ, գտնվելով ԱՄՆ-ում, Կանադայում հեռաձայնով ինձ կարգալույծ հռչակեց»,-նշում է հոգևորականը։
Իր մեկ այլ՝ 2020-ին տված հարցազրույցում Տիրան Կյուրեղյանը վերահաստատում է, որ 1999-ին կաթողիկոսական ընտրություններն անցել են ճնշումների ներքո՝ գործադրված պատգամավորների նկատմամբ։ «Համամիտ ենք, որ ՀՀ իշխանությունը՝ Կառավարությունը, վարչապետը չպետք է խառնվեն եկեղեցու ներքին գործերին, սակայն այսօր, այս ծանր վիճակը, որում գտնվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, պտուղներն են 1999-ին պետության կողմից պատգամավորներին դաժանորեն ճնշելու հետևանքով Գարեգին Ներսիսյանին իր պաշտոնին դնելու։ ․․․․Այսօր իշխանությունը մեկ բան պետք է անի՝ սրբագրել նախկին սխալը, որովհետև այս մարդը դաժանորեն շարունակում է հալածել հոգևորականներին, ովքեր փորձում են բարձրաձայնել նրա սխալ և անարդար որոշումները»։ Հետևաբար «սխալը, որ տեղի է ունեցել 1999-ին, պետք է սրբագրվի», կարծում է կարգալույծ արված հոգևորականն ու հավելում՝ հավատացյալ ժողովուրդը պետք է ընտրի իր պատգամավորներին, որոնք էլ կընտրեն նոր կաթողիկոսի։
ԱՄՆ-ում բնակվող հայազգի լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանն էլ 2013-ին thetruthmustbetold.com կայքում հոդվածով էր հանդես եկել՝ նշելով․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 1999 թվականին ընտրվել է ընտրակեղծիքների օգնությամբ: Կաթողիկոսական այդ ընտրությունից մի քանի օր անց ես այցելեցի քեռուս՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանին (նա Վեհափառ Վազգեն 1-ինի մահվանից հետո ընտրվել է Կաթողիկոսի տեղապահ-խմբ․), ով մնում էր Էջմիածնի հյուրանոցներից մեկում: Պատրիարք Հայրը նոր էր վերադարձել նորընտիր կաթողիկոսի հետ հանդիպումից: Նա նկատելիորեն այլայլված էր և, վրդովմունքից դրդված, հետս կիսվեց հանդիպման որոշ մանրամասներով: Այս երկու բարձրաստիճան հոգևոր առաջնորդների հանդիպման նպատակը հայ առաքելական եկեղեցու կրոնական ղեկավարի ընտրության ընթացքում նկատված ընտրակեղծիքի քննարկումն էր: Ի պատասխան Պատրիարք Թորգոմ Բ-ի մտահոգություններին` նորընտիր կաթողիկոսն ասել էր, թե արդեն չափազանց ուշ է այդ հարցով զբաղվելու համար: Նա խորհուրդ էր տվել Պատրիարք Մանուկյանին մոռանալ ընտրակեղծիքի մասին, քանի որ ընտրությունն արդեն ավարտված էր»:
Նկատենք, որ Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանն, արձագանքելով լրագրողի հոդվածին, այն որակել էր «բացարձակ անհեթեթություն», «ստորագույն քայլ, անարգանք Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հիշատակին»:
Իրավապաշտպանը, պատասխանելով Կաթողիկոսի մամուլի խոսնակին, պատասխան նոր հոդվածով էր հանդես եկել, որում մասնավորապես փաստել էր, որ կաթողիկոսի ընտրություններին մասնակցածների թիվը «մոլեգին չափազանցված է» եղել՝ բերելով մի շարք վիճակագրական տվյալներ։ Հոդվածագիրը նաև նշել էր, որ «ընտրությունից մեկ ամիս առաջ մի շարք աչքի ընկնող արքեպիսկոպոսներ, ներառյալ կաթողիկոսի թեկնածու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Независимое Военное Обозрение»–ի փոխանցմամբ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Վերջին դիտարկումները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների ամենաբարձր օղակներում եկել են ընդհանուր հայտարարի հօգուտ թեկնածուներից մեկի և փորձում են նրան գահ բարձրացնել»։ «Независимое Военное Обозрение»–ն նաև վկայակոչում է ընտրության դիտորդների, ովքեր շեշտել են, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի թեկնածությունը ոչ միայն առաջ էր մղվում այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա օգտին ակտիվ լոբբինգ էր իրականացվում հայկական սփյուռքի «խոշոր ֆինանսական ուժերի» կողմից»:
Ի դեպ, մենք թերթեցինք այդ օրերի մամուլն ու «Առավոտ»-ում գտանք 1999-ի հոկտեմբերի 21-ին տպագրված հրապարակում, ըստ որի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շահեն Կարամանուկյանն ու վարչապետի խորհրդական, Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն են եղել «Սփյուռք-Հայաստան» համաժողովի նախօրեին Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին և Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին հանդիված պաշտոնյաները, որոնք հայտնել էին Անվտանգության խորհրդի որոշումը առաջիկա կաթողիկոսական ընտրություններում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին պաշտպանելու վերաբերյալ։
Եվս մեկ ուշագրավ վկայություն․ «Հրապարակ» օրաթերթը, որը նաև Գարեգին Բ-ի՝ դուստր ունենալու մասին էր գրել տարիներ առաջ, 2016-ին հրապարակված մեկ այլ նյութում ուշագրավ բացահայտում էր արել 1999-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների մասին։ «Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգևոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության և հոգևորականների միջև։ Կոմպրոմատներ էին օդ նետվում հոգևոր դասի, Պոզապալյանի մասին։ Իրենց հերթին հոգևորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով։ Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա ևս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը և իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին։ Վերջինս ասում է՝ չէ, վարչապետին՝ Վազգենին, ասեք գնա։ Վազգենը ևս չի համաձայնում՝ պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել։ Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբազ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տակ»։ Եվ ոչ մեկը չի գնում։ Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լևոն Մկրտչյանը։ «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, կենդանի կմնային»,– արձանագրեց մեր աղբյուրը»,-գրել էր թերթը:
![]()