Ընդունվել է ՔՊ Էթիկայի կանոնագիրքը. երբ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանենք, խնդրում ենք չընկալել թուլություն. վարչապետ

ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։

Նաեւ այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։

Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին։

Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա։

Կանոնագիրքը ծավալուն չէ եւ նրա բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորեւ բերվող հղմամբ»,- գրել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ