Ավելի շատ բան է ջրի երես դուրս գալու. Կտրիճի հեռանալու հետհաշվարկը սկսված է, պրոցեսներ կան. Ստեփանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծում է, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռանալու հետհաշվարկը սկսված է:

Ըստ նրա՝ 10-ից ավելի եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հայտարարությունը և վարչապետի հետ հանդիպելը փաստում են, որ պրոցեսներ կան:

«Քանի գնում է, այնքան շատ բաներ են ջրի երես դուրս գալիս: Արշակը, շատ հարմար դիրքավորվելով, ասում է, որ իրեն վերագրվող տեսանյութերը արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր են, սակայն Քննչական կոմիտեի հայտարարությունը կարդալով՝ հասկանում ենք, որ Արշակի բանականությունն է արհեստական: Նա հիշողության հետ կապված առողջական խնդիրներ ունի․ գնում է մի տեղ, մասնակցում ինչ-ինչ պրոցեսների, հետո ասում՝ այնտեղ չի եղել»,- նկատում է Ստեփանյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ընդդիմությունը պաշտպանում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շահերը, սրանից կարելի է եզրակացնել, որ սնվում են նույն քաղաքական ակունքից:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու են թիրախավորվում այն հոգևորականները, որոնք հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նույն քննադատությանը չի արժանում Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս (Մկրտիչ) Ներսիսյանը, որը մեդալ է ստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, իշխող ուժի անդամն ասում է. «Պլոճիկ չունեն, որ ՌԴ նախագահի արարքի դեմ խոսեն. շունը շան թաթ չի կծում»:

Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և նրա մերձավորները Հայ առաքելական եկեղեցին դարձրել են ազգային խոպան:

Միաժամանակ նա համոզմունք է հայտնում, որ Ռոբերտ Քոչարյան-Կտրիճ Ներսիսյան հանցավոր համախմբումը շատ ծանր գին է արժեցել հայ ժողովրդի համար. «Նրանց միջև առևտուր է եղել, դրա համար տղամարդ առաջնորդ են համարում: Ոչինչ մարդկանց այնպես չի միավորում, որքան ընդհանուր գաղտնիքը: Կտրիճ Ներսիսյանը չի կարող ժամանակ ձգել մինչև 2026 թվականը: Հուսանք՝ գնալուց հետո մեկ-մեկ Աստվածաշունչ կկարդա: 27 տարվա մեջ 27 համայնք չի գնացել, նա կտրված է իր հոտից: Որքան դեպքեր են եղել, որ զանգերը պետք է հնչեին, բայց չեն հնչել, իսկ երբ հերթը հասել է Գյումրու տխրահռչակ քաղաքապետ Վարդանիկին, զանգերը հնչել են․ ավելի աբսուրդ և խեղկատակ վիճակ չի կարելի պատկերացնել»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում կալանավորված Սամվել Կարապետյանի եղբոր որդուն՝ Նարեկ Կարապետյանին, որը կիրակի օրը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել էր պատարագին, որին ներկա էր եղել նաև Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իշխող ուժի անդամն ասում է՝ ըստ էության, Նարեկ Կարապետյանը կիսում է տեսակետը, որ եկեղեցում կան խնդիրներ, դրա համար էլ գնացել էր վարչապետի հետ պատարագին մասնակցելու:

Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ