Այսօր շատ բժիշկներ Հրայր Հովակիմյանի շնորհիվ և նրա օրինակով են ընտրել բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքը

Milmedia.am-ը գրում է․

Հայ նշանավոր բժիշկ, սրտի վիրաբույժ, Հայաստանի ազգային հերոս Հրայր (Հակոբ) Հովակիմյանը ծնվել է 1953 թ. մայիսի 13-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա մեկնել Նյու Յորք և ավելի քան 7 տարի կատարելագործվել Բեկմանի համալսարանում։ 1984-1988 թթ. աշխատել է Օրեգոնի Saint Vincent հոսպիտալի սիրտ-թոքային բաժանմունքում։ 1990 թ. մասնակցել է Biotronik EDP-30 անոթազարկային գեներատորի ստեղծմանը։ 1988-1989 թթ. աշխատել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում։

1992 թ. Հրայր Հովակիմյանը գալիս է Հայաստան և մեկ տարի անց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրում է մանկական սրտի վիրաբուժության բաժանմունքը, իսկ 1996 թ. նույն հիվանդանոցում բացում է նաև մեծահասակների սրտի վիրաբուժության բաժանմունք։

«Երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին։ Իմ գործընկերներն էին, որոնք առաջին բջիջն էին՝ գոյավորելու մեր երազանքը»։

Հրայր Հովակիմյանը ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանում սրտի հիվանդություն ունեցող փոքրիկների փրկության ծրագիրը կյանքի կոչելու և սրտի վիրաբույժների վերապատրաստման համար։ Այսօր այդ նույն բաժանմունքում, որն արդեն նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից բժշկական կենտրոն է, աշխատում են Հրայր Հովակիմյանի գործը շարունակող բազմաթիվ արհեստավարժ սրտի վիրաբույժներ, որոնց նա փոխանցել է իր փորձն ու հմտությունները։ Հրայր Հովակիմյանի նպատակը Հայաստանում փորձառու, արհեստավարժ, հմուտ մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ստեղծումն էր ու դրա շարունակական զարգացումն ապահովելը։

Աշխատելով նաև ԱՄՆ -ում, Հրայր Հովակիմյանը անընդհատ կապի մեջ է Հայաստանի իր գործընկերների հետ, անգամ հեռվից իր խորհուրդներով և մասնակցությամբ միշտ ներկա է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատանքներին։Երբեմն օդանավակայանից առանց հանգստանալու շտապում է հիվանդանոց՝ կատարելու անհետաձգելի վիրահատություն։

Նշանավոր սրտաբան Հրայր Հովակիմյանի յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր վիրահատություն վարպետաց դաս է Հայաստանի սրտաբան գործընկերներին, որոնց փոխանցում է սրտաբանության ոլորտի վերջին նվաճումները, նորություններն ու փորձը։ Երիտասարդ բժիշկները հավաստիացնում են, որ Հրայր Հովակիմյանի շնորհիվ և նրա օրինակով են ընտրել բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքը։ Հովակիմյանը «ստիպում է» երիտասարդ բժիշկներին սիրահարվել իրենց մասնագիտությանը և անընդհատ կատարելագործվել։ Գործընկերների բնութագրմամբ՝ բժիշկը վիրահատարանում ստեղծագործում-արարում է։ Նրանց խոսքով՝ Հրայրը առանձնահատուկ մարդ է, որի բարոյական ըմբռնումները փոխում են մարդկանց պատկերացումները կյանքի, մարդկային փոխհարաբերությունների մասին, հուշում նոր առաջնահերթություններ։ Նվիրվել աշխատանքին, սիրել ընկերներին, երբեք երախտամոռ չլինել, գնահատել կողքի մարդկանց ու ոգևորել՝ սովորեցնում է բժիշկը իր անձնական օրինակով։ Պատահական չէ, որ Հրայր Հովակիմյանը իր սրտի վիրահատությունը վստահեց հենց հայաստանյան գործընկերներին։ Բժիշկը համոզված է՝ Հայաստանն իրավունք ունի դասվելու այն երկրների շարքում, որտեղ սրտի վիրաբուժությունը զարգացած է։

Վաստակաշատ բժիշկը չափազանց համեստ է և համբերատար։ Թեև բազմաթիվ կոչումներ ու պարգևներ ունի, իր բոլոր հիվանդներին խնդրում է իրեն կոչել պարզապես բժիշկ Հրայր։ Հրայր Հովակիմյանի ձևակերպմամբ՝ բժշկությունը մասնագիտություն չէ, այլ «մարդուն օգնելու բնազդ»։ Նա Հայաստանում երբեք աշխատավարձ չի ստացել և աշխատել է բացառապես հասարակական հիմունքներով։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկները պատմում են, որ Հովակիմյանի աշխատասենյակում մշտապես բուռն քննարկումներ են լինում ոչ միայն բժշկության, այլև հայոց պատմության, մշակույթի և շատ այլ թեմաներով։ Այդ է պատճառը, որ բժիշկ Հրայրի աշխատասենյակը գործընկերները հաճախ «Վերնատուն» են անվանում։

Հրայր Հովակիմյանը խուսափում է փառքից ու պատիվներից և հաճախ շեշտում է, որ ամենամեծ պարգևն իր համար այն է, որ հիվանդը կրկին կարողանում է շնչել առանց սարքերի։ Բժիշկ Հրայրը ծառայում է հայրենիքին՝ առանց խոստումների, առանց պայմանների։ Նա մարդ է, որն իր մասնագիտությունը վերածեց առաքելության։

Մեծ է Հրայր Հովակիմյանի ներդրումը ոչ միայն սրտի վիրաբուժության, այլև մեր երկրի բժշկական ներուժի զարգացման գործում։

Հրայր Հովակիմյանը արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ է։ Արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հերոսի, Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, բայց նրա ամենամեծ կոչումն ու փառքը անթիվ փրկված կյանքերն են ու նրա 47 տարվա աշխատանքային փառահեղ գործունեությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ