Սովորողների տեղափոխման նոր կարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ լրացումները ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի հավելվածում․

19-րդ կետից հետո ավելացվում են նոր 19.1 և 19.2 կետերը.
1. Դպրոցական տարիքի երեխաների հաստատությունից հաստատություն տեղափոխման դեպքում, եթե տվյալ բնակավայրում գործող ուսումնական հաստատությունը միակը չէ կամ սահմանային տեղերը լրացված չեն, նախապատվություն կտրվի այն սովորողներին, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է տվյալ դպրոցում։
2. Երկյակների, եռյակների, քառյակների և ավելի երեխաների դեպքում՝ եթե նրանցից գոնե մեկի տեղափոխությունը հաստատվում է, ապա մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն պետք է ապահովվի՝ անկախ սահմանային տեղերի սահմանափակումից։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգով սովորողների տեղափոխությունը սահմանվում է ընդհանուր սկզբունքներով՝ հիմնվելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերի վրա։ Սակայն գործնականում առաջացել են խնդիրներ այն դեպքերում, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով ընդունելությունը մերժվում է։

Նման իրավիճակներում՝

ծնողները բախվում են դժգոհությունների և կազմակերպչական դժվարությունների,
սովորողները ենթարկվում են սոցիալ-հոգեբանական անհարմարությունների,
խաթարվում է կրթական գործընթացի կայունությունը և ընտանիքի միասնական կրթական միջավայրը։
Նախագիծը նպատակ ունի վերացնել այս խնդիրները՝

ապահովելով ընտանիքի միասնական կրթական միջավայրի պահպանումը,
երաշխավորելով հավասար հնարավորություններ կրթության հասանելիության ոլորտում,
նվազեցնելով վարչարարական բեռը և
հաստատելով սոցիալապես արդար մոտեցում կրթական գործընթացում։
Այս փոփոխությունները կնպաստեն հանրակրթության համակարգում մարդակենտրոն և հումանիտար սկզբունքների ամրապնդմանը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջացնում։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ