Գևորգ Պապոյանը հանդիպել է Թուրքիայի գործընկերոջ հետ. Իբրահիմ Յումաքլը բարձր է գնահատել վարչապետի վերջին այցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, երկու երկրների նախարարները երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ