![]()
«Շատ ենք վախենում, գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք՝ դու էլ քնած չես, ասում է՝ ես էլ քնած չեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելուն՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ բանավեճն այսպես թե այնպես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու է ընտրություններին. «Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ: ՀՀ գործող վարչապետը պետք է բոլոր քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարների հետ գնա բանավիճելո՞ւ, այսօր Թաթոյանը կառաջարկի, վաղը 2 հոգանոց կուսակցություն, հիմա ես էլ Թրամփի՞ն կանչեմ բանավեճի: Փաշինյանին հարմար է բանավիճել բոլորի հետ, ովքեր այդ կարգավիճակն ունեն: Երբ վարչապետը գալիս է այստեղ, բանավիճում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների հետ, եթե նրանք համարձակվում են գալ ու մասնակցել հարց ու պատասխանի»:
Սիմոնյանը նաև նշեց. «Շատ հետաքրքիր քարոզարշավ և պայքար կլինի, եթե նախկին չընտրված նախագահները, իսկ Քոչարյանը և Սարգսյանը երբևիցե ՀՀ նախագահներ ինձ համար չեն կարող համարվել, որովհետև ընտրությունների արդնունքներն ինձ մոտ հավատ չեն ներշնչել: Եթե իրենք չմասնակցեն, միգուցե ավելի լավ ընդդիմություն ունենանք, քան հիմա, բայց իրենք դա չեն անի: Պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբից Քոչարյանին ու Սարգսյանին կանչի բանավեճի, տեսնենք կվախենան, թե չէ, իրենք էլ երկրի գործող ղեկավար չեն, թող չգործող ղեկավարներին կանչի, տեսնի կիջնե՞ն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին»:
![]()