Կտրիճ Ներսիսյանը շուտով կհեռանա, և կընտրվի նոր, իրական, ուխտը չխախտած վեհափառ. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացման հայտարարությունը ստորագրած եպիսկոպոսների թիրախավորումներին:

«Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության և մյուս բոլոր մեղքերի պաշտպանները հիմա էլ սկսել են թիրախավորել եկեղեցու ինքնամաքրումը նախաձեռնած սրբազաններին` բարձրաձայնելով նրանց ենթադրյալ կամ իրական մեղքերը:

Բայց նրանք չեն հասկանում, որ դրանով ոչ թե հակափաստարկ են բերում Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը, այլ հակառակը` էլ ավելի են հիմնավորում դրա անհրաժեշտությունը:

Քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը վեհարանում է, ինքնամաքրում տեղի չի ունենալու: Նա շուտով կհեռանա, և կընտրվի նոր, իրական, ուխտը չխախտած վեհափառ, որպեսզի հնարավոր դառնա Եկեղեցու առողջացումն ու նորոգումը:

Որպեսզի մենք այլևս չունենանք սիրած և չսիրած, լավ կամ վատ սրբազաններ, և ստեղծվի իրավիճակ, որ սրբազանները թողնեն մեր մեղքերը, այլ ոչ թե մենք ստիպված լինենք քննարկել, թե իրենցից ով է ավելի մեղավոր»,- գրել է Ռուբինյանը:

Մի շարք եպիսկոպոսներ նոյեմբերի 27-ին հայտարարություն էին ստորագրել, որով պահանջում են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:

Ավելի ուշ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ