Հիմարի տեղ են դրել. մեքենա, անվադող վառողին, շենքեր գրավելու փորձ անողին ինչպես անվանես քաղբանտարկյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի խոսքով՝ աղքատությունը Հայաստանում նվազում է, մարդիկ սկսում են լավ ապրել: Միաժամանակ նա նկատում է՝ իհարկե, սա չի նշանակում, որ բոլորը լավ են ապրում, և որևէ խնդիր չկա:

«Կառավարության ռազմավարությունն է, որ բոլորը ավելի լավ և բարեկեցիկ ապրեն»,- շեշտում է Թորոսյանը:

Նա կարծում է, որ մարդիկ քաղաքական ուժերի հստակ ծրագրերի մասին են ուզում լսել, ոչ թե ով է ավելի ընդդիմադիր, հայրենասեր, կամ ինչ մեղադրանքներ են հնչեցվում իրար հասցեի:

«Պետք չէ ժամանակը ծախսել ոչ մի բան չասող մարդկանց վրա: Մենք մեր ժողովրդին ասելիք ունենք: Կլինեն ընտրություններ, ժողովուրդը կասի՝ ում ասելիքն էր ասելիք, ում ասելիքը՝ փորձանք: Ամբողջ օրը ժողովրդի հասցեին լուտանքներ են նետում: Ընդդիմությունն ապրում է մեդիափուչիկի մեջ»,- նկատում է նա:

Ըստ զրուցակցի՝ ընդդիմությունը մարդկանց հիմարի տեղ է դնում. «Մեքենաներ վառող, անվադողեր ծակող, շենքերի գրավման փորձեր անող, ռազմական հեղաշրջման փորձ անողներին, օժանդակողներին անվանել քաղբանտարկյալ, ժողովուրդը ասի՝ ճիշտ եք ասում, այդպես չի լինում: Այս մարդիկ չեն հասկանում պարզ ճշմարտությունները»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ Թորոսյանն ասում է՝ փողն է պատճառը, որ նա չի ուզում հեռանալ, այսինքն՝ չի ուզում թողնել ֆինանսական հոսքերը:

Ինչ վերաբերում է քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու մեկնելուն և դրա հետ կապված հնչող քննադատություններին, վերջինս նկատում է. «Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրել, թե՞ ոչ. պարզ հարց է: Եթե ուզում ենք, ցանկացած շփում լավ է: Իսկ եթե չենք ուզում խաղաղություն, դա այլ է: Որքան շփումները շատ լինեն, այնքան լավ կհասկանանք իրար»:

Նա կարծիք է հայտնում, որ ընդդիմության կողմից տորպեդահարվող արժանապատիվ խաղաղություն ասվածը լավ կենաց է, որ խմվում է գողացված փողերով լավ սեղանների շուրջ և դրանով ավարտվում է. «Երբ թալանել ես երկիրը, մի դղյակում լավ սեղան ես գցում, զինվորների և այլ կենացներ խմում, սա է, ուրիշ ոչինչ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ