Ճաքերը բերում են փոփոխություններ. հեռու չէ օրը, երբ կիմանանք ամենայն հայոց 133-րդ վեհափառի անունը. Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որով պահանջվում է Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց:

«Ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, իշխանության և եկեղեցու բարձրաստիճան անձանց հակամարտությունը կհանգուցալուծվի հոգևորականների պարտությամբ, քանի որ ներկայում իշխանության լեգիտիմությունը կամ վարկանիշը ավելի բարձր է: Դրանում իր մեղքն ունի անձամբ Գարեգին Երկրորդը, քանի որ 26 տարիների ընթացքում իր վարքագծով մեծ վնաս է հասցրել եկեղեցու նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքին:

Վերջին շրջանում համառորեն լուրեր էին պտտվում, թե Ռուսաստանում քննարկում են Գարեգին Երկրորդին Հայաստանից տեղափոխելու հարցը: Վերջերս էլ Հայաստանի ընդդիմադիրներից մեկը պնդում էր, թե կաթողիկոսը պիտի դիմադրի, քանի որ սա միայն իր հարցը չէ: Հետաքրքիր է, թե էլ ո՞ւմ հարցն է՝ գուցե Ռուսաստանում նրան սպասողների՞:

Արդեն այսօր 9 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների կողմից ստորագրված փաստաթուղթը կասկածի տեղիք չի տալիս՝ ՀԱԵ ներսում առողջ ուժերը միացել են հավատացյալների պահանջին: Ցանկացած կառույցում ներքին ճաքերը, ի վերջո, բերում են արմատական փոփոխությունների: Հետևաբար հեռու չէ այն օրը, երբ կիմանանք ամենայն հայոց 133-րդ վեհափառի անունը, իսկ Հայ առաքելական եկեղեցին ձեռք ձեռքի իշխանությունների հետ կպայքարի Հայաստանի զարգացման ու հզորացման համար»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ