![]()
«Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է: Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, այնքանով, որ վստահ եմ՝ այդ խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթանակ կտանի»,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրրադառնալով «Մեր ձևով» շարժման պնդումներին, թե ունեն ավելի մեծ վարկանիշ, քան իշխանությունը:
«Ես երբեք և ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել, կապ չունի վարչապետ եմ եղել, պատգամավոր, թե ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ: Ես վստահ եմ, որ այս սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ և 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»,- նշեց նա :
Հարցին, թե արդեն պատկերացում ունի՝ ովքեր կընդգրկվեն ընտրական ցուցակում և ում հետ չի շարունակի ճանապարհը, վարչապետն արձագանքեց.«Իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, ՔՊ-ն ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի են ունենում բաց և թափանցիկ, որոշումները կայացվում են կոլեգիալ: Ես կուսակցության վարչության նախագահ եմ, որի ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվում են անձնական հարթության վրա, այդ հարցերը կան, բայց վերաբերում են կուսակցությանը, կուսակցությունը, այդ թվում ԱԺ պատգամավորի թեկնածուների գրանցման գործընթացում, կտա այդ հարցի պատասխանը: Ես էլ, ի միջի այլոց, որպես պատգամանվորի թեկնածու ընդգրկվելու եմ այդ ցուցակի մեջ և հավակնելու եմ լինել ՀՀ վարչապետի թեկնածու»:
![]()