![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարություններին:
«Մարդու իրավունքների նախկին «պաշտպան» Արման Թաթոյանը հայտարարել է, որ եթե ինքը լիներ վարչապետ, ապա «վիզը կպոկեր» այն պաշտոնյայի, ով քաղաքացիների հետ վատ կվարվեր։
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մարդու իրավունքներով զբաղվող անձը պարզապես իրավունք չունի նման բառապաշարով խոսել։
Փաստորեն, Սերժի նշանակած Մարդու իրավունքների պաշտպանը աստիճանաբար բացահայտում է իր մեջ թաքնված դեսպոտին և բռնությանը հակված կեղծ իրավապաշտպանին, ինչով էլ, երևի, պայմանավորված է եղել այդ պաշտոնում հայտնվելը։
Բա եթե այդքան «առյուծ» էիր, ինչո՞ւ Սերժի օրոք սսկված էիր, թե քաղաքացիների հետ այն ժամանակ «դուք»-ով էիք խոսում։
Կեղծ իրավապաշտպանը պետք է հասկանա, որ իրականում ժողովուրդը չի հանդուրժում, որ որևէ մեկը իր հետ վատ վարվի և անպատիժ մնա։ Իհարկե, ժողովուրդը Թաթոյանի նման սադիստական հակումներ չունի, բայց իր պատիժը երբեք չի ուշանում։
Օրինակ՝ 2018 թվականին ժողովուրդը, ճիշտ է, Թաթոյանի շեֆի ու նրա ղեկավարած կլանի վիզը չպոկեց, բայց վզից բռնեց ու դուրս շպրտեց։
Հ.Գ. Թաթոյանը պատկերացնո՞ւմ է, եթե մենք ժողովրդին նեղացնողների հետ վարվեինք այն մեթոդով, ինչ ինքն է առաջարկում՝ «վիզը պոկելու», ապա իրենց թիմի զգալի մասը հիմա «անգլուխ» ման կգար։ Չնայած պետք է խոստովանել, որ որոշների դեպքում այդ գլուխն իրականում ավելորդ ծանրություն է»,- գրել է պատգամավորը։
![]()