![]()
Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 25-ին եպիսկոպոսաց դասը հավաքվել էր Մայր Աթոռում:
Ամենայն հավանականությամբ, ի թիվս այլ հարցերի՝ պետք է քննարկվեր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը առժամանակ կասեցնելու, այլ կերպ ասած՝ «սառեցնելու»՝ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հորդորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում մի լուսանկար է տարածվում, որում ներկայացված է դիմում՝ ուղղված Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Դիմումում բարձր դասի հոգևորականները դիմում են նրան և խնդրում ու հորդորում առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում:
Նկատենք, որ տարածվող դիմումում նշված են դիմող հոգևորականների անունները, ոմանք ստորագրել են վերոնշյալի ներքո:
Խաչատրյանի պաշտոնավարումը կասեցնելու հորդորը պայմանավորված է համացանցում տարածված տեսանյութով, որում ըստ պնդումների՝ նա ինտիմ բնույթի գործողությունների մեջ է քեռակնոջ հետ:
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել:
Այսօր արդեն Մայր Աթոռից հայտարարություն են տարածել՝ մանրամասներ հայտնելով կայացած ժողովի վերաբերյալ, սակայն դրանում բառ անգամ չկա Արշակ Խաչատրյանի մասին:
Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), որի հրաժարականն է պահանջում գործող իշխանությունը, տարածած հաղորդագրության միջոցով միայն «սպառնացել» է այն հոգևորականներին, որոնք պատարագների ժամանակ իր անունը չեն հնչեցնում:
Հայտարարել են, թե նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
![]()