![]()
Վարչապետի մասնակցությամբ ՀԷՑ-ին վերաբերող այսօրվա քննարկումները մեկ բան են ապացուցում, և որքան հնարավոր է շուտ՝ Հայաստանում գործող ամբողջ ռուսական կապիտալը պետք է դառնա իրավապահների, քննիչ հանձնաժողովների և անկախ աուդիտի խորացված ուսումնասիրության առարկա։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.
«Չկա մի ոլորտ, որտեղ ռուսական ներդրումը լինի մաքուր, թափանցիկ բիզնես։
Որտեղ ռուսական կապիտալ՝ այնտեղ կոռուպցիա ու թալան, պետության հետ մութ պայմանագրեր, հարկատուի հաշվին մսխված գումարներ, կեղծ գնումներ և ձևական տենդերներ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարիներ շարունակ կիրառվել են կասկածելի գնային սխեմաներ և թաքցվել են արտահանման իրական ծավալները։
Սոթքի ոսկու հանքավայրում շահույթը դրվել է բնության և համայնքների շահերից բարձր։
«Հայկական երկաթուղիները» ռուսական կառավարման պայմաններում չեն զարգացել, այլ մաշվել ու թալանվել են կեղծ ներդրումային ծրագրերի տակ։
«Գազպրոմ Արմենիան» մենաշնորհ է, գաղտնի սակագնային ֆորմուլաներով ու երկարաժամկետ, ոչ թափանցիկ պարտավորություններով։
Սա վաղուց այլևս սոսկ տնտեսության մասին չէ, այլ Հայաստանի սուվերենության և ազգային անվտանգության հիմնարար հարց է։ Եթե չբացենք և սկզբից մինչև վերջ չուսումնասիրենք Հայաստանում ռուսական կապիտալի ամբողջ շղթան, անկախ պետության և արդար, կանխատեսելի խաղի կանոններով տնտեսության մասին պարզապես չենք կարող խոսել։
Յուրաքանչյուր դրամի, յուրաքանչյուր պայմանագրի ճանապարհը պետք է հասնի հանրային հաշվետվության և, որտեղ անհրաժեշտ է, դատարան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում՝ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի, ոչ բարձրաստիճան աշխատողների վարձատրության համակարգում փոփոխությունների և ընթացիկ գործողությունների վերաբերյալ:
![]()