![]()
«Օբյեկտիվ խնդիր է, այսօր չէ, որ ծագել է: Ունի երկու շատ կարևոր պատճառ մեկը՝ կլիմայի գլոբալ փոփոխությունն է, տեղումների նկատելի պակասը, որի հետևանքով անընդհատ երաշտ է, մյուսը՝ Իրանի իշխանությունների կողմից ջրային ռեսուրսների ճիշտ կառավարելու խնդիրը: Բացի դա Իրանի մեծ քաղաքներում անընդհատ մեծանում է բնակչության թիվը և եղած ռեսուրսները չեն բավարարում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում մասնավորապես Թեհրանում մայրաքաղաք խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրներին:
Ծովային պաշարների կառավարման հարցերով Իրանի նախագահի ներկայացուցիչ Ալի Աբդոլալիզադեն հայտարարել է, որ երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու հարցը հանվել է օրակարգից, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պատճառների թվում նշելով ոչ միայն ջրի խնդիրը, այլ՝ քաղաքի գերբնակեցումը: Պետրոսյանն էլ այս լուծումը իրատեսական չհամարեց.«Ինչպե՞ս ենք պատկերացնում մայրաքաղաքը տեղափոխվելը, որ պետք է ստեղծվի նոր քաղա՞ք, մարդկանց տեղափոխեն, կամ ինչ-որ քաղաքում ստեղծեն ենթակառուցվածքներ մարդիկ գնա՞ն: Ինչպես ենք պատկերացնում՝ տարհանելու են 20 միլիոնանոց քաղաքին, դա հայտարարություն է, մեկը չկա հարցնի՝ ոնց եք տարհանելու: Պետք է ենթակառուցվածք լինի, չունեն, որ ենթակառուցվածքներ լինեն մարդիկ ինքնուրույն էլ կարող են գնալ, կամ եթե ունակ են ստեղծել նման ենթակառուցվածներ և ինչ-որ քաղաք տանել այնտեղ մի քանի միլիոն մարդու, ավելի հեշտ է ջրային ենթակառուցվածքները փոփոխել»,- նշեց Պետրոսյանը:
Հայտնի է, որ Թեհրանում ջրի պակասի խնդիրը լուծելու համար մշակվել է Պարսից ծոցից ջրի մղման նախագիծ.«Պարսից ծոցից ու Կասպից ծոցից ջրերի աղազերծումը և խմելու համար օգտագործելը, ջրի վերամշակման ենթակուցվածքների ստեղծումը վաղուց պետք է լիներ»,- նկատեց Պետրոսյանը:
Արդյոք Հայաստանն իր ջրային ռեսուրսների հաշվին կարող է օգնել Իրանին, մեր զրուցակիցը հիշեց, որ կար ժամանակ, երբ առաջարկում էին Սևանից ջուր տեղափոխել Իրան, բայց դա այնքան էլ իրատեսական չէ.«Ջրային խնդիրն այնքան լուրջ հարց է, դրան մենք էլ այսօր շատ անփույթ ենք վերաբերվում, ճիշտ է մեր երկրում ջրային ռեսուրսների պակաս չունենք, բայց ապագայում դա մեզ համար էլ կարող է լինել կենսական խնդիր: Եթե դու քո կենսական ռեսուրսը վաճառում, փոխանցում ես կամ այդ պահին փոխանակում և չունես դա փոխարինելու կամ հետագայում լրացնելու տարբերակ, ռիսկային է, իսկ մենք էլ չունենք նման հնարավորություն՝ հատկապես տեղումների սակավության պարագայում»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ նման ռեսուրսների պարագայում ապագան պետք է պլանավորել մի քանի տասնամյակի կտրվածքով:
«Իրանի հարևանությամբ կա Կասպից ծով, Պարսից ծոց, այդ երկիրը շրջապատված է ջրային տարածքներով, մենք դա չունենք, մեր միակ աղբյուրը քաղցրահամ Սևանա լիճն է»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:
![]()