![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, թե ինքը դիմել է արհեստական բանականությանը և իր հարցին պատասխան ստացել:
«Ռ. Քոչարյանը դիմել է արհեստական բանականությանը (ԱԲ) հետևյալ հարցադրումով, թե հնարավո՞ր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ, և արդյոք կա՞ որևէ երկիր, որտեղ դա հնարավոր է։
Ըստ Քոչարյանի՝ շատ երկար աշխատելուց հետո ԱԲ-ն իրեն պատասխանել է․ «Սա աբսուրդ է, անհնար է»։
Քանի որ Քոչարյանը սկսել է ԱԲ օգտագործել, ուստի խորհուրդ կտամ շարունակել և տալ հետևյալ հարցադրումները․
Հնարավոր է արդյոք, որ մարդը, չունենալով ՀՀ քաղաքացիություն, բայց ԺԵԿ-ի տեղեկանքով, դառնա ՀՀ նախագահ։
Հնարավոր է արդյոք, որ մարդը աղքատ գա Հայաստան, ով իր խոստովանությամբ նույնիսկ մեկ տուն չունենա Երևանում, բայց ԺԵԿ-ի թղթով դառնա ՀՀ նախագահ, և իր նախագահության ավարտին իր ընտանիքով հանդերձ դառնա Երևանի կենտրոնում անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից և ՀՀ ամենահարուստ մարդկանցից մեկը։
Հնարավոր է արդյոք, որ իրեն «պրիվետ Ռոբ» ասող քաղաքացին րոպեներ անց սպանվի իր իսկ թիկնապահների կողմից։
Հնարավոր է արդյոք, որ հոկտեմբերի 27-ը թույլ տրվի, բայց ինքը մնա իշխանության ղեկին։
Հնարավոր է արդյոք, որ 2008 թվականին, սեփական իշխանությունը ժառանգորդին փոխանցելու համար, կազմակերպվի մարտի 1, որի արդյունքում 10 անմեղ մարդիկ գնդակահարվեն, բայց գլխավոր մեղավորները դեռ լիարժեք պատիժ չկրեն…
Հույս ունեմ, որ երբ Քոչարյանն այս հարցադրումներն անի արհեստական բանականությանը, ԱԲ-ի մոտ խափանումներ չեն գրանցվի»,- գրել է Ղազարյանը:
![]()