![]()
Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում ավանդաբար բռնությունից զերծ գործելակերպին կասկածով են վերաբերվել: Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ Հայաստանում պատրաստվում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել առանց բռնությունների, մեզ նորից մեղադրում էին ծախվածության, կոմֆորմիզմի և այս կարգի զանազան այլ մեղքերի մեջ:
Մենք այս հարցում շատ սուր, այդ թվում՝ հրապարակային բանավեճեր ենք ունեցել, քաղաքական կոնֆլիկտներ, բայց հիմա այդ բանավեճն ավարտվել է, որովհետև այն, ինչ ասում էինք, այդ ամենն արեցինք 100 տոկոսով: Հայաստանում հաղթեց սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ոմանք ցանկանում են Հայաստան վերադարձնել բռնության ենթամշակույթը:
![]()
«Քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնություն գործադրելը, անգամ քաղաքական հակառակորդներին կամ անհնազանդներին գնդակահարելը Հայաստանում կիրառվող պրակտիկա է եղել: Բայց այս էջը նույնպես փակված պետք է համարենք այսօր:
Ոմանք փորձում են բռնության ենթամշակույթը վերակենդանացնել՝ մեզ մեղադրելով մեղմության մեջ, մեր բարեկրթությունը՝ որպես թուլություն մեկնաբանելով: Հանրությունն ինքն իրեն բռնությունից պաշտպանելու իրավունք ունի: Այդ պաշտպանության լիարժեք գործիքը պետք է դառնան իրավապահ մարմինները, Քրեական օրենսգիրքը, անկախ դատարանները»,-ասաց նա:
![]()