Բոլոր տեսակի թերթեր կարդացող մեր քաղաքացիները նորմալ մարդիկ են, նույնիսկ «Հրապարակ» կարդացողները. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հրապարակ»-ի խմբագրի արտահայտություններին և քաղաքացիներին պիտակավորելուն:

«Նոր աչքովս ընկավ, որ Հայաստանի վատագույն թերթերից մեկի` Հրապարակի խմբագիր Արմինե Օհանյանը ՔՊ ընտրողներին անվանել է արցախցիներին, սյունեցիներին, լոռեցիներին ատող, վախկոտ, անհավատ և «հայրենիքի կորստի պահին տունը պարսիկներին, թուրքերին ու ադրբեջանցիներին ծախել պատրաստ» մարդիկ:

Ես, իհարկե, չեմ զարմանում, քանի որ ատելությունից կուրացած այս կոնտինգենտի մոտ ժողովրդին վիրավորելն ու պիտակավորելն արդեն ավանդույթ է դարձել:

Իսկ բոլոր` նույնիսկ ընդդիմադիր, իմ տեսանկյունից շատ վատ քաղաքական ուժերին ընտրող մեր քաղաքացիները նորմալ, հայրենասեր մարդիկ են, որոնք կարող են տարբեր կերպ տեսնել հայրենիքի ապագան:

Բոլոր տեսակի թերթեր կարդացող մեր քաղաքացիներն էլ են նորմալ մարդիկ: Նույնիսկ «Հրապարակ» կարդացողները:

Իսկ մարդկանց ըստ իրենց քաղաքական հայացքների դասակարգելն ու պիտակավորելը պարզապես անմտություն է:

Հայկական լրագրությունը շարունակում է իր ողբերգական անկումը»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ