Մայր տաճարի պատերը շուշասվաղ են արել, դարձրել սուպերմարկետ, սրբազանների գերեզմանը աղբանոցի վերածել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ

Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը կարծում է, որ ազնիվ հոգևորականներին թիրախավորում են տարիներ շարունակ Մայր Աթոռը զավթած, գրաված, եկեղեցին առևանգած որոշ անձինք:

Ըստ նրա՝ այս մարդիկ Մայր Աթոռը դարձրել են բիզնես կառույց, որի միջոցով գումարներ են աշխատում, անձնական հարցերը առաջ տանում, այդ թվում՝ խառնվում քաղաքականությանը:

«Նրանք շարունակում են իրենց գործակալական գործունեությունը Ռուսաստանի համար: Մենք տեսնում ենք՝ որոշ հոգևորականներ ինչպես են շքեղության մեջ ապրում, ինչ մեքենաներ են իրենց թույլ տալիս ունենալ, անընդունելի պահվածք ունեն: Ինչպես է հայ եկեղեցականը իրեն թույլ տալիս վարել մի ավտոմեքենա, որի արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է: Եկեղեցին վերածել են տոտալիտար կառույցի, որտեղ ոչ մի հոգևորական իրավունք չունի կարծիք հայտնելու»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ եկեղեցին քաղաքական պայքարի մեջ է մտել պետության հետ. «Տարիներ շարունակ ծպտուն չէին հանում, մեկ էլ սկսեցին վարչապետի հրաժարականը պահանջել: Երբ պետությունը կպավ կրիմինալ կառույցին (-Խմբ. նկատի ունի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման դեպքը), եկեղեցու զանգերը հնչեցրին»:

Միաժամանակ Առաքելյանը նկատում է՝ Կտրիճ Ներսիսյանը ուրախ կլիներ հենց այսօր հեռանալ, բայց քանի որ գործակալ է, նման բան անելու դեպքում վերջը կարող է լավ չլինել:

«Վերջերս եղա Մայր տաճարում և ապշեցի. պատերը շուշասվաղ են արել, լեզուս չի պտտվում ասել, բայց ոնց որ ոչ թանկարժեք սուպերմարկետ մտած լինեի, այն դեպքում, երբ խոսում ենք, որ մեր Մայր տաճարը ամենահին քրիստոնեական կառույցն է․ սա խայտառակություն է: Էլ չեմ ասում, որ հայր սրբազանների գերեզմանոցը աղբանոցի են վերածել»,- ասում է նա, ապա հավելում. «Որ երկիր այցելում է Կտրիճ Ներսիսյանը, հարցնում է՝ ով է ամենահարուստ մարդը, ծանոթացրեք: Հարյուր տոկոսով սատարում եմ վարչապետի եկեղեցին մաքրելու գործընթացին»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ծավալվող գործընթացներին՝ զրուցակիցը նկատում է՝ բազմաթիվ մախինացիաներ են արվել այնտեղ. «Սամվել Կարապետյանը գիտեր, որ իր ստեղծած խնդիրները ի հայտ են գալու, դրա համար մտավ քաղաքականություն, որ քաղաքականացնի»:

Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և պատերազմը դադարեցնելու առաջարկությունների մասին: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, քանի որ Վլադիմիր Պուտինին այն հարկավոր է իշխանությունը պահելու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ