Արհեստական բանականության «սպռավոչկան» Քոչարյանի համար․ ինչու՞ է նա 17 տարի անպատիժ

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի ցինիզմը սահմաններ չունի՝ դա վաղուց պարզ է։ Նա այսօրվա դատական նիստում ի լուր բոլորին հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաներին էր դիմել՝ իր իսկ անպատիժ մնալու հետ կապված հարցով. Քոչարյանը ChatGPT-ին (արհեստական բանականությանը) հարցրել էր՝ հնարավո՞ր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ։ Այն, որ նախկին նախագահ համարվող անձը նման պարզունակ ձևով կամ գուցե «իր ձևով» է ընկալում իրավական գործընթացները՝ զարմանալի չէ, որովհետև իր մայրենի լեզվին կասկածելի մակարդակի տիրապետող անձը հազիվ թե իրավական խոսույթն ընկալեր։

Չշեղվենք թեմայից. որոշեցինք հատուկ Քոչարյանի համար դիմել արհեստական բանականությանը հարցով՝ աշխարհում ի՞նչ դեպքեր են հայտնի, երբ երկրում 10 անմեղ քաղաքացի սպանվի եւ դրա հրաման տվողը այդպես էլ չդատվի։ Եվ ահա մի «փոքրիկ սպռավոչկա» նույն արհեստական բանականությունից. նման անպատժելի դեպքեր հիմնականում եղել են կա՛մ պատերազմների, կա՛մ ցեղասպանությունների ժամանակ՝ Ռուանդայի ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն, ԽՍՀՄ-ում խաղաղ ցուցարարների կամ մշակութային գործիչների գնդակահարություններ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ և այլն։

Բայց մի փոքր հուշումից հետո արհեստական բանականությունն ի վերջո տվեց պատասխան, թե ինչ պայմաններում կարող են նման սպանությունների կազմակերպիչներն ու իրականացնողները մնալ անպատիժ։ Ըստ ԱԲ-ի՝ իշխանությունը գիտակցված արգելել է իրական քննությունը կամ ստեղծել է պայմաններ, որ քննությունը լինի ձևական։

Բառացի ներկայացնում ենք ChatGPT-ի տրամադրած տեղեկատվությունը. «Բանակը ապօրինի հրամաններ է կատարում, քանի որ անպատիժ է, նրանք ծառայում են ոչ թե պետությանը, այլ անձերի։ Ուժային և դատաիրավական կառույցները փակ շղթա են՝ մեկը մյուսին պաշտպանող։

Եթե այդքան տարիներ չի բացահայտվում հանցագործությունը՝ լրատվամիջոցները ճնշված են եղել եւ պաշտոնական քարոզչությունը փոխարինել է իրականությանը։

Եվ վերջում՝ նման համակարգերը սովորաբար կոչվում են կլանային իշխանություն, կիսաավտորիտար կամ ավտորիտար ռեժիմ, իսկ կատարվածը՝ պետական մակարդակով հանցագործություն է»։

Տպավորություն է, որ ChatGPT-ն անձնապես է «ճանաչում» Քոչարյանին, քանզի նրա անբասիր նկարագրությունից հետո յուրաքանչյուր ոք անմիջապես կհասկանար, թե ում մասին է խոսքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ