Անկեղծորեն կարծում ենք՝ այցը Բաքու քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ. ինչ է քննարկվել

Ինչպես հայտնել էինք՝ Հայաստանի քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին մեկնել էին Բաքու: Ի թիվս այլ հանդիպումների ու այցերի, Բաքվում գտնվող հայաստանցի քաղհասարակության 5 ներկայացուցիչներին ընդունել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ու հայտնել՝ ինչ հանդիպումներ ու քննարկումներ են եղեԼ

Պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը նշել է՝ ցավում է, որ շատերը՝ առանց սպասելու իրենց արձագանքին և պատմություններին, շտապել էին հաստատել իրենց սոցիալական մեդիաներում, որ գերիների վերադարձի հարցը չենբարձրացրել, և իրենց քննադատում էին դրա համար:

«Ցավում եմ, բայց շատ շտապել են, որովհետև ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առաջ ենք բարձրացրել հարցը: Ավելին ասեմ՝ ո՛չ հայկական կողմից, ո՛չ ադրբեջանական կողմից ոչ մի սահմանափակում չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք: Այդ մասին ասաց նա՝ հիշեցնելով, որ միջազգային ատյաններում հարցը պարբերաբար բարձրացվում է»,- ասել է Սուլթանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ևս այս թեմայով նամակներ են եղել:

Նա հավելել է, որ այդ թեմայով ուղիղ խոսելը բոլորի համար նոր իրավիճակ է:

«Ուղիղ այս թեմայով խոսելն ադրբեջանական կողմի հետ մեզ համար նոր վիճակ էր՝ հատկապես պարոն Հաջիևի առջև նստած: Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել՝ թվի, մարդկանց, անունների և այլն»- ասել է Սուլթանյանը:

Հայաստանյան պատվիրակությունը ստացել է պատասխան, որ այս քայլերի հետևում կա ակտիվ բանակցային գործընթաց:

Հարցին՝ եղե՞լ է հայ գերիներին տեսակցելու հարց, հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ Բորիս Նավասարդյանը պարզաբանել է՝ գերիների տեսակցությունն առաջնահերթություն չի եղել:

«Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց թե երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ: Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, չէի ուզենա դրանց մասին խոսել:

Բայց պետք է նաև մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպիսի էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում, թե իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը ադրբեջանական հասարակության համար ցավ է, և եթե դա օբյեկտիվ պատկերացում չէ, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա: Այդ ուղղությամբ պետք է աշխատել: Կարևոր է նաև լրատվամիջոցների համարժեք, ադեկվատ աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթաց, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փաստերը կարող են վերաբերել նաև հակամարտության շրջանակում այդ գերիների դերին, քանի որ այստեղ բազմաթիվ առասպելներ կան:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ավելի շատ քաղաքական պրոցես է, քան իրավական: Եթե մենք կարողանանք փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, քաղհասարակության աշխատանքի շնորհիվ դա հնարավորինս բերել իրավական դաշտ և ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, այդքան խնդրի լուծումն ավելի դյուրին և իրատեսական կլինի»,- ասել է Նավասարդյանը:

Հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արեգ Քոչինյանն, իր հերթին հայտարարել է. «Անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ:

Այո, մենք այս պահի դրությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ՝ մեր այցը քայլ առաջ է եղել այդ պրոցեսի մեջ և այդ պրոցեսի բարեհաջող ավարտի ուղղությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ