![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները սպասելի էին հաղթող թեկնածուի (-խմբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արգիշտի Մեխակյան) մասով:
Նրա դիտարկմամբ՝ ընտրությունների ժամանակ առանձնապես խախտումներ չեն գրանցվել: Խաչատրյանը միաժամանակ նկատում է՝ արմատական ընդդիմադիր ուժերը փորձել են, այսպես ասած, «տասովկայի» մեթոդը կիրառել, սակայն արդյունքի չեն հասել. «Մեզ ընդամենը 13 ձայն չբավարարեց, դիմեցինք վերահաշվարկի մասով, սակայն փոփոխություն չի եղել: Մենք ասել էինք, որ Էջմիածնում «Գյումրի 2» չի լինելու և այդպես էլ եղավ»:
Հարցին՝ ավագանի դարձած ընդդիմադիր ուժերը արդյունավետ կաշխատե՞ն, Խաչատրյանն ասում է. «Սուսուփուս վեր են ընկնելու իրենց տեղը և աշխատելու են»:
Հարցադրմանը՝ ինչու արևմտյան ուղղությունը սատարող շատ ուժեր աջակցություն չհայտնեցին իրենց, վերջինս նկատում է՝ գուցե նախանձի և չարության պատճառով:
Անի Խաչատրյանը կարծում է, որ իշխանության համար Վաղարշապատում պարտություն կրելը 2026 թվականին խնդիր էր դառնալու:
«Վաղարշապատում թաղի հեղինակություն ասվածը դեռ որոշակի գործում է: Վաղարշապատն ու համապետական ընտրությունները նույնը չեն, դա փորձում է ժողովրդին կերցնել ընդդիմությունը: Մերձքոչարյանադաշնակցական ուժերը Վաղարշապատում անցան ավագանի, սակայն 2026 թվականին քաղաքական իրենց գերեզմանն են գնալու, հողը ծածկվելու է, վերջին խռխռոցն է լինելու: Երբ քաղաքական տասովկա չեն ունենում, իրենք ոչինչ են: Դաշնակցության անունը հասարակության համար հայհոյանքի է հավասար»,- ասում է նա:
Հարցին՝ արդյոք Վաղարշապատի ընտրությունները կարո՞ղ են ցուցիչ համարվել, որ հանրությունը կիսում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռացման օրակարգը, «Հանրապետություն» կուսակցության անդամն ասում է. «Ուժեր կան, որ կաթողիկոսին թույլ չեն տալիս գնա: Նա պետք է այնքան տղամարդկություն և թասիբ ունենար, որ ասեր՝ ես թույլ չեմ տա իմ ազգին կտրել եկեղեցուց, թող գա էն մարդը, որը ազգին կմիավորի: Իր Աստվածը Ռոբերտ Քոչարյանն է, ավելի մոտ է նրան, քան Աստծուն»:
Անի Խաչատրյանը կարծում է, որ հիբրիդային պատերազմի շրջանակում ընդդիմադիր շրջանակները կարելի-չի կարելին խառնել են իրար. «Սարքել են կեղտոտ բորշ, հասարակությանը թաթախել մեջը, հիբրիդային պատերազմը փչացնում է երեխաներին․ սա խոսքի ազատության սահմաններից դուրս է»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()