![]()
«Իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետևյալն է. ես ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ Կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավելի»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հստակ հանձնարարական է: Չպետք է լինի տնտեսավարող, որ օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԵԿ-ը իրենից մի լումա ավելի գումար է վերցրել, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգով, և սա շատ հստակ է: Բայց շարունակությունն էլ կա. չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ և պրակտիկա: Իհարկե, կան տնտեսավարողներ, որոնք դիմել են, ասում են, որ իրենց կարծիքով՝ այս սկզբունքը խախտվում է:
Ես մի քանի նամակ ստանալուց հետո նաև հանձնարարել եմ, որ հրավիրեն նամակի հեղինակ տնտեսավարողներին և մեր մարմիններին, և գործընկերային, բարեկամական մթնոլորտում, ոչ ՊԵԿ-ում, ես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եմ հանձնարարել, որ հասկանանք՝ իրոք կա՞ն անարդարություններ, իրո՞ք ինչ-որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսավարողների նկատմամբ. իհարկե չուզենալով, որովհետև մենք ահռելի հարգանք և պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ, և ես առիթը բաց չեմ թողնում նրանց շնորհակալություն հայտնելու՝ աշխատելու, արդյունք ստեղծելու և օրենքով սահմանված հարկերը վճարելու համար:
Բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարը վերադարձնելու ձևերը կգտնենք: Դա ուղղակի դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը. մենք մի լումա ավելի չենք կարող վերցնել»,- նշել է վարչապետը:
![]()