Մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի ո՞ր թիվն ես», էդ թվի հարց տվեցիք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հնչած հարցերից մեկի պատասխանը նմանեցրել է մի հին անեկդոտի:

«Մի անեկդոտ կա՝ մեկը մյուսին հարցնում է՝ «անունդ ի՞նչ է», ասում է՝ «Սպարտակ», «ինչի դու ո՞ր թիվն ես», հիմա էդ թվի հարց եք տալիս»,- նշել է վարչապետը:

Այս մասին նա խոսել է՝ ի պատասխան հետևյալ հարցին՝ «ասել էիք՝ եթե այդքան վատ է, հեղափոխություն արեք, արդյո՞ք այսօր կարելի է փողոցներն անժամկետ փակել, ԱԺ-ում ծխարձակում անել, Ռադիոտան գույքը փչացնել, դատարանների ելքերն արգելափակել և ԱԺ շենքը շրջափակել»։

«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի կամքը, թույլատրելի է։ Այն, ինչ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի չէ»,- հավելել է Փաշինյանը։

Իսկ թե ինչպե՞ս է չափվում լեգիտիմ կամքը հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է. «50+1 տոկոսով»։

Դիտարկմանը, թե երբ իրենք էին անում հեղափոխություն, 7 տոկոս ձայն են ունեցել, Փաշինյանն արձագանքել է. «Լավ, եթե 7 տոկոս ունեմ, ինչպե՞ս եմ հիմա կանգնած խոսում ձեզ հետ։ Ես չէի խոսում տոկոս ունենալ-չունենալու մասին, ես խոսում էի ժողովրդի լեգիտիմ կամքի մասին։ Ժողովուրդն իր կամքը արտահայտելու ձև միշտ էլ կգտնի, եթե լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է, եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ