Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունը տեղ չունի. Փաշինյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր պատկերացումները 2026-ին սպասվող ընտրությունների վերաբերյալ:

«Իմ կարծիքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են և տարել են դեպի թակարդ և պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս գործ չունենան քաղաքական դաշտում: Սա իմ կարծիքն է, և ես համոզված եմ, որ այդպես էլ պետք է լինի»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ ինքը պարբերաբար շփվում է քաղաքացիների հետ ու տեսնում, որ մարդիկ զզվել են նախկին-ներկա բանավեճերից, քննարկումներից:

«Էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները, ցավոք, հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից:

Մենք նաև կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է, այնուամենայնիվ, արդեն դուրս գանք այս տրամաբանությունից, և քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի, առավել ևս՝ քաղաքական քննարկումների բովանդակության մեջ:

Հիմա դուք կասեք՝ ես էլ եմ այդ գործով զբաղվել: Ճիշտ կասեք: Դրա համար էլ ես կիրակի օրերին գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ