Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունից հետո կաթողիկոսին հեռացնելու հնարավորության մասին սոցցանցում գրառում էր արել, որում մասնավորապես նշված էր. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբություն սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Այս կապակցությամբ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչ լիցքի մասին է խոսքը, վարչապետը նշել է.

«Հենց այդ լիցքի մասին է խոսքը, որ Վաղարշապատում ՔՊ կուսակցությունը և նրա թեկնածուն հաղթել էին, և ցանացած քաղաքական իրադարձություն լիցք է տալիս հենց Վաղարշապատում, Էջմիածնում նույնպես: Ինչ վերաբերում է Մայր Աթոռը ազատագրելու գործընթացին, շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, այս դեպքում էլ Նոր կտարարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում. «Պիտի նայեք և պիտի չտեսնենք»: Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ:

Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք: Այդ բաները, որ հայտարարվում են, նաև երկխոսություն են հանրության հետ. այդ գաղափարներին հաջորդում են ուրիշ գաղափարներ, այդ գաղափարներին արձագանքելով՝ մարդիկ ուրիշ առաջարկներ են անում: Ամեն ինչ կարծրացած չէ, ճկուն պրոցես է: Կարևորը, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ես պետք է ուրախությամբ և գոհունակությամբ արձանագրեմ, հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում:

Մի քիչ անձնական ընկալում է. ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ գնում են փողկապներով, խիստ: Ես գնում եմ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարքային հետևորդ, և ես էն մյուս ձևաչափերով չէի կարող պահել պատարագների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարագի չէի կարող գնալ, որովհետև ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, շատ մեծ արգելք էր, հիմա այդ արգելքը հաղթահարված է: Ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես էսօր, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շարքային հետևորդ, կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով, և դա ամենակարևոր բանն է, և ես ուզում եմ՝ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ բոլոր քաղաքացիների համար, որոնք ունեն հոգևոր կյանք:

Դա հանրահավաք չէ, դա պատարագ է: Ես ուրախ եմ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները, նրանք, ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում: Ի վերջո սա ձև չի, ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի և մեղքերի թողություն ստանալ: Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է: Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի: Մարդը մեղավոր է. մեկինը մի քիչ ավել, մեկինը՝ մի քիչ պակաս, իմը ենթադրվում է՝ ավելի շատ, պայմանավորված է իմ պատասխանատվության չափով և իմ կարգավիճակի առանձնահատկություններով և այլն, գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ: Կարծում եմ, որ մեղքերից ազատվելու մասին 31-րդ Սաղմոսում ասում է. «Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ թաքցնի քեզնից»: Սա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո, մոտեցում»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ