ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո պարտավոր է կատարել բոլոր,այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները. ՀԾԿՀ

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ համաձայն օրենսդրության՝ ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։

«Ավելին՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը։

Ուստի ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլ նաև, հաշվի առնելով գործող իրավական և տնտեսական կառուցակարգերը, չի էլ կարող խաթարվել»,- ասվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ դադարեցվեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ