Խաչիկի ոտքը պոկվել, կախված էր մնացել, հարցաքննությանը սեղմել են, որպեսզի քննիչը կորզի իր ցանկալի բանը. Անդրանիկ Քոչարյան

«Ես ափսոսում եմ, որ այդ որոշումը կայացրեց ՄԻԵԴ-ը, այդ որոշումը պետք է կայացներ Հայաստանի Հանրապետությունը»,- ԱԺ-ում հանրային քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճռին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք, որ վճռով դատարանն արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

«Աղվան Հովսեփյանը վերջին հաշվով պետք է բացատրի այդ քննչական խմբերը, որոնք ստեղծված էին և 100-ից ավել քննիչներ էին ներգրավված, նրանց պարտադրել են ապօրինի գործողություններ, բայց դա բերել է նրան, որ 17 տարի հետո ՄԻԵԴ-ն է ասել, որ Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև կառավարման հստակ առանցք է ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, իսկ ուր է Վարդան Օսկանյանը, որ աշխարհով մեկ գոռում էր՝ Հայաստանում զինված խմբավորումներ են: Բայց իրականում Հայաստանում զինված խմբավորումներն իրականացվում էին գործող իշխանության կողմից, ավելին՝ ԼՂ-ից էլ բերեցին 700-ից ավել ուսադիր կրող ենթասպա և սպա և տեղակայեցին կոնկրետ վայրերում, մի մասն էլ գտնվում էր կառավարության շենքում»,- նշեց նա:

«Մարտի 1-ն օրվա ընթացքում մի քանի էտապներով է եղել՝ առավոտյան մարդիկ գտնվում էին Սահմանադրական դատարանի տարածքում, կեսօրը, որ փրկվելու համար տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ, հետո երեկոյան դեպքերը: Բայց կառավարումը փոխվել է, հիշատակվեց կառավարման երկու ուժերի մասին՝ ներքին գործեր, և ուժային բլոկ: Բայց մոռանում ենք կառավարման ամենակարևոր օղակը Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Քոչարյանը, որ եղել է Մարտի 1-ի գործող փաստահավաք խմբի շարքերում, որոշ դրվագներ ներկայացրեց.«Ռոբերտ Քոչարյանը փետրվարին 23-ին ՌԴ-ից գալուց հետո հավաքել «հաթաթա է» տվել ուժայիններին, դա շատ ծանր նստեց մեզ վրա, ծնեց Մարտի 1: Այդ «հաթաթայից» հետո պլանավորվեց կեղծիքների մի ամբողջ համակարգ, որն իրականացվեց այն ժամանակվա ԱԱԾ-ի կողմից, դրանից հետո ԱԱԾ-ն մնաց ստվերում»:

Ըստ նրա այդ օրերին կատարված վերաբերյալ նպատակադրված որոշ առեղծվածներ էին ստեղծվում.«Առեղծվածն էին ստեղծվում Աղվան Գառնիկովիչի թեթև ձեռքով, Վահագն Հարությունյանի միջոցով»:

Նաև հիշեց.«Այստեղ նստած է Խաչիկ Դավթյանը, Խաչիկի ոտքը «Չերյոմուխայից» պոկվել էր, բայց կախված էր մնացել: Այդ վիճակում քննիչը հարցաքննության է տանում և որպեսզի կորզի իր ցանկալի բանը, ինչ են արել Խաչիկի գլխին՝ վիրավոր ոտքը սեղմել են: Սա հաղորդում ընդունեք, եթե քննիչն աշխատում է, պետք է պատասխան տա, սա միայն մի դեպքն են ասում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ