![]()
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այս գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում: Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում: Հետևաբար, պրոցեսը դեռ ունի շարունակություն՝ նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդամենը դադարեցրեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ՓԲԸ-ի լիցենզիան: Բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ: Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Մեսրոպյանը հավելել է, որ ՀԾԿՀ-ն փորձել է առավելագույնս ապահովել բոլոր կողմերի լսելի լինելը նիստի ընթացքում:
Նրա խոսքով՝ 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարց է հնչեցվել, տրվել են պատասխաններ, որոնք կողմերից յուրաքանչյուրի համար գուցե այնքան էլ հաճելի չեն եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ դադարեցվեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան:
![]()