«Մայր Հայաստան»-ի թեկնածուի բարձրացրած աղմուկը փաստական հիմքեր չունի. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու Հարություն Խաչիկյանի կողմից տարածվող տեղեկությունները որևէ փաստական հիմք չունեն:

ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրողների նախնական և վերջնական ցուցակների հրապարակումը իրականացվում է տվյալ հասցեներում հաշվառված անձանց և նրանց ընտրատեղամասերի ճշգրտման նպատակով։ Դրանով ապահովվում է ընտրական ցուցակների թափանցիկությունն ու հաշվառումների ստուգելիությունը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոց, տուն 65Ա» հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ մինչ օրս ծառայությունում որևէ ճշգրտման դիմում կամ տեղեկատվություն չի ստացվել։

Տվյալ հասցեում ներկայումս հաշվառված են 22 անձ, որոնցից փաստացի հիմունքներով հաշվառված են միայն 2-ը։ Մնացած 20 անձանց հաշվառումը կատարվել է պատշաճ վարչարարության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով։

Նշված հասցեում հաշվառումը կատարվել է 2021 թվականին, այսինքն՝ առաջիկա ընտրությունների ընտրացուցակների հրապարակումից շուրջ չորս տարի առաջ։

Նշվածը փաստում է, որ ընտրացուցակ կեղծելու կամ տվյալ հասցեում ընտրող ավելացնելու վերաբերյալ տարածվող հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներից և հայտարարություններից։

Տարվա ընթացքում ստացված նմանատիպ ահազանգերի ուսումնասիրությունների ընթացքում անճշտություններ չեն արձանագրվել։

Հաշվառման կամ տվյալների հնարավոր սխալների հայտնաբերման դեպքում կնախաձեռնվի համապատասխան ծառայողական քննություն՝ օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու Հարություն Խաչիկյանը հայտնել է, թե իբր իր տան հասցեում՝ Վաղարշապատի Սպարապետ Վ.Սարգսյան 65Ա տանը, հաշվառված են հավելյալ 9 անձինք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ