Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437,000 հատ մանրաձուկ՝ 6.6 գրամ միջին զանգվածով։ Այս մասին հայտնել է ՇՄ նախարարությունը:

Բացթողնման կարևոր նախաձեռնությունն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանման ծրագրերի շրջանակում։

Միջոցառմանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, իրականացվող ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։ Նա առանձին շեշտել է Կողակի վերարտադրության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև լճի գետային համակարգերում իշխանի բնական ձվադրման գործընթացների կազմակերպման և բարելավման քայլերը։

Սևանի իշխանը ոչ միայն կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող տեսակ է, այլև Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության, տարածաշրջանի մշակութային ինքնության և տնտեսական զարգացման առանցքային բաղադրիչը։ Հետևաբար, դրա վերարտադրությանն ու բնական պաշարների համալրմանը միտված ծրագրերը զգալի ներդրում են լճի երկարաժամկետ կայունության ապահովման գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ