Բժիշկներին հաջողվել է փրկել գյումրեցի 2-ամյա տղայի կյանքը, ով իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղայի առողջական վիճակի մասին, երբ երեխան Գյումրի քաղաքի իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Մուրացան» մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին հաջողվել է երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա արձանագրել։ Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացել, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր էր ընկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ