![]()
«Անկախ դիտորդ » հասարակական դաշինքի (անդամ կազմակերպությունների ) անունից Դանիել Իոաննիսյանը նոյեմբերի 13-ին դիմում է հղել ԿԸՀ-ին և խնդրել ուժը կորցրած ճանաչել Վաղարշապատի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Հայաքվե» դիտորդական առաքելության հավատարմագրումը, կազմել «Հայաքվե» առաքելության կողմից հավատարմագրված դիտորդներ Ցոլակ Ակոբյանի և Արմեն Մանվելյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 -րդ հոդվածի 1 -ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն(ներ) և համապատասխան հայցադիմում(ներ) ներկայացնել Վարչական դատարան:
Դիմումատուն մասնավորապես նշել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից տարածվել են հրապարակումներ, որոնցով արտահայտվում է կանխակալ դիրքորոշում և նախապատվելի վերաբերմունք իշխանության կամ ընդդիմության, այդ թվում՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ, ինչպես նաև հստակ աջակցություն է արտահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մրցակիցների դեմ և «իրական ընդդիմադիրների» օգտին։
Մասնավորապես դիտորդ Արմեն Մանվելյանն իր «Մարդիկ պետք է գնան ընտրատեղամասեր, որ իշխանություն փոխվի »,- վերնագրով հարցազրույցում, ինչպես վկայաբերել է դիմումատուն, նշել է․ «Էդ մարդկանց, ի դեպ, դուրս բերելը շատ է օգնում նաև էսօրվա քաղաքական ռեժիմը իր տեռորով, իր ահաբեկչությամբ և շատերին արդեն դա սկսեց զզվացնել, շատերը արդեն անտարբերության իրավիճակից դուրս են գալի, մտնում են ընդդիմադիր դաշտ ․․․»։
Դիտորդ Ցոլակ Ակոպյանն էլ «Այս իշխանությունը վաղ թե ուշ ամեն ինչի համար պատասխան է տալու» վերնագրով հարցազրույցում նշել է․ «Իշխանության քայլերը ես չէի ասի ուղղված են միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, իշխանության քայլերը ուղղված են ողջ հայ ժողովրդի դեմ, ՀՀ դեմ, այ հիմնական նպատակը, իհարկե էս իշխանություններին, նախ իրենք սիրում են շոուներ ապահովել, իրենք փորձում են հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, հասարակությանը հերթական անգամ տանել էն ճանապարհով, որպեսզի կարողանան շոուներով, սենց ինչ-որ ֆիլմեր նկարելով հասարակությանը հետաքրքրություն ներկայացնեն իրենց նկատմամբ…»։ «Այս իշխանությունը բանտում է հայտնվելու, այլ տարբերակ չկա», վերնագրով տեսանյութում էլ նույն դիտորդը ասել է ․ «Քանի որ այս իշխանությունը սահմաններ չունի, նա անընդհատ կարա գնա, անսահման ա սրանց, բարոյականություն չունեցող մարդկանց համար, ընդհանրապես բարոյականությունը արժեզրկող մարդկանց համար մտածել, որ իրենք ունեն սահման, ինձ թվում ա իմաստ չունի դրա մասին խոսել։ Սրանք սահման չունեն, սրանք ամեն ինչի պատրաստ են ու սրա դեմ միակ ճանապարհը համախմբված ժողովուրդը պետք ա ոտքի կանգնի, սահմանադրական ճանապարհով ճանապարհի ամեն մեկին իրենց տեղը, իսկ իրանց մեծ մասի տեղը բանտում ա լինելու…»։
Դիմումատուն վկայաբերել է նաև «Հայաքվե»-ի այլ դիտորների հայտարարություններ և եզրահանգել՝ «Հայաքվե» -ն չի պահպանում քաղաքական չեզոքության կանոնը, ակնհայտորեն աջակցում է ընդդիմադիր կուսակցություններին, հետևաբար, չի կարող շարունակել իրականացնել դիտորդական առաքելություն։ «Օրենսգրքի 31 -րդ հոդվածի 4.1 -ին մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիս ի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: (…) Ավելին, «Հայաքվե» դիտորդական առաքելության հավատարմագրած դիտորդներ Ցոլակ Ակոբյանն ու Արմեն Մանվելյանը, իրենց վերոնիշյալ հայտարարություններով իրականացրել են Օրենսգրքի 19 -րդ հոդվածի 1.1 -ին մասով սահմանված նախընտրական քարոզչություն՝ դիտորդ լինելու բերումով չունենալով դրա իրավունքը: Դա իր հերթին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 -րդ հոդվածի 1 -ին մասով նախատեսված խախտում է»,-նշված է դիմումում:
«Ականատես»-ը դիմում է ներկայացրել նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ կողմից հավատարմագրված դիտորդների ցանկից Գ․ Մելոյանի, Ա․ Գևորգյանի և Գ․ Դավթյանի տվյալները հանելու և դիտորդ Ա․ Գևորգյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն և վարչական դատարան համապատասխան հայցադիմում ներկայացնելու մասին, ինչպես նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԹԱԹՈՅԱՆ» հիմնադրամի հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
Վերջին երկու՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասով նույնպես դիմամատուն վկայաբերել է անկողմնակալության խախտման մի շարք փաստեր։
Նշենք, որ այսօր ժամը 17․00-ին ԿԸՀ-ում տեղի կունենա դիմումատուի դիմումների (բողոքների) քննարկումը։
![]()