Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկից ընկել է. նրան Երևան տեղափոխած շտապօգնությունը վերադարձին վթարի է ենթարկվել

Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Տեղում բժիշկները քրեական ոստիկանների հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Պարզվել է, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով, երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվելուց հետո, շտապօգնությունը Գյումրի վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ