Հնդկաստանի գագաթնաժողովում Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է Հնդկաստանի Արդյունաբերության Համադաշնության The CII Rartnership Summit 2025 գագաթնաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանը կարևորել է Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական համագործակցության խորացումը՝ բարձր գնահատելով երկու երկրների երկարամյա բարեկամությունը։ Նա ընդգծել է Հնդկաստանի նորարարական ու տեխնոլոգիական առաջընթացը և վստահություն հայտնել, որ գագաթնաժողովը կնպաստի նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ դիվերսիֆիկացված, արտահանմանը միտված և նորարարական տնտեսության կառուցումը, ինչպես նաև ներկայացրել է ներդրումային հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, ագրոբիզնեսի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որով նախատեսվում է ստեղծել ժամանակակից տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական ուղիների ցանց, որը կկապի Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 9 երկրների տնտեսական ոլորտի նախարարներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO) նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ