Կառավարությունն ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրման վերաբերյալ փաթեթը. ինչ է այն ներառում

Կառավարությունն իր նոյեմբերի 14-ի նիստում ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը։

«Մենք հաստատեցինք օրենսդրական ամբողջ փաթեթը, որի մեջ ներառված է եղել Առողջության համընդանուր ապահովագրության մասին օրենքը և հարակից օրենքների նախագծերը։ Ըստ էության, նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով»,- ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախագիծը համարվել է անհետաձգելի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընկալում է եղել, թե գուցե, պետք չէ փաթեթը ներդնել հունվարի 1-ից, այլ՝ մի քիչ ավելի ուշ, բայց ինքը կողմ չի եղել դրան։

«Պարզ է՝ ունենք լարվածություն, թե համակարգը ոնց կաշխատի, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ չկա բարեփոխում, որ չգնա ու չհանդիպի պրոբլեմի։ Եկեք հույս չունենանք, որ մենք այնպիսի մի բան ենք անելու, որն առաջին վայրկյաններից սահուն է գնալու, բնության մեջ նման բան չի լինում»,- նշել է նա։

Փաշինյանը հայտարարել է, թե ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական հնարավոր բոլոր ծախսերը։

«Համակարգը համընդհանուր է, բայց հունվարի 1-ից բոլորին չի ներառելու, ընդամենն առաջին փուլն է, բայց հունվարի 1-ից ում ներառեց, էլի բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է, նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու»,- մանրամասնել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ