2026 թվականի պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետներն ու կարգը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախատեսվում է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կառավարությունը 2026 թվականին նախատեսում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ հետևյալ ժամկետներով՝

Փետրվարի 3 – ապրիլի 10
Մարտի 31 – հունիսի 19
Ապրիլի 15 – հուլիսի 15
Հունիսի 9 – օգոստոսի 14
Օգոստոսի 4 – հոկտեմբերի 9
Սեպտեմբերի 15 – դեկտեմբերի 15
Սեպտեմբերի 29 – նոյեմբերի 20
Հավելյալ պայմաններ՝

Վարժական հավաքների նպատակն է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումը, ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը և մարտական հերթապահության ապահովումը։
Յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր։
Վարժական հավաքների ընթացքը գաղտնի է։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագծերը մշակվել են Պաշտպանության նախարարության կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ապահովելու նպատակով։ Նշված նախագիծը մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և կառավարության 2025 թվականի համապատասխան որոշման հիման վրա՝ 2026 թվականի վարժական հավաքների ժամանակացույցն ու պայմանները սահմանելու համար։
Ակնկալվող արդյունքը.

Կապահովվի վարժական հավաքների կազմակերպման հստակ և կանխատեսելի ընթացք։
Կբարձրանա պահեստազորայինների պատրաստվածության մակարդակը՝ նվազեցնելով անորոշություններն ու տարընկալումները կազմակերպման գործընթացում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը լրացուցիչ ծախսեր չի պահանջում։ Վարժական հավաքների ծախսերը կիրականացվեն 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ՝ շարունակելով զորահավաքային նախապատրաստության և տեխնիկական նոր լուծումների ներդրման միջոցով պաշտպանական համակարգի կատարելագործումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ