![]()
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացրել է մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ ՀԷՑ-ում։
Ըստ Պետրոսյանի՝ մի քանի շաբաթ անց պարզ է դարձել, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցնելը ՀԾԿՀ-ից և իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել հանգեցրել են այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված է եղել վարչական վարույթ հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով։
«Իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ, ենթադրաբար, ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որը ես տիրապետում եմ և իրավասու եմ այդպիսի ենթադրություն անելու»,- նշել է նա։
Պետրոսյանը հավելել է, որ Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին, և ինքը վստահ է գործընթացի օրինականության մեջ:
«Սպասեք Սահմանադրական դատարանի վճռին: Ես վստահ եմ, որ գործընթացն օրենքի շրջանակում է։ Ես համոզված եմ, քանի դեռ ՍԴ-ն հակառակը չի վճռել»,- նշել է նա։
ՀԷՑ-ում իրավիճակը կոծկելու վերաբերյալ Պետրոսյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում և ՔԿ-ում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ։
«Քննվում են բոլոր այն փաստերը, որոնց մասին ես ասացի, և կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- եզրափակել է Ռոմանոս Պետրոսյանը։
![]()