Եկեղեցու նպատակը հոգևոր, բարոյական և ազգային կյանքի կառուցումն է, ոչ թե քաղաքական ազդեցության ձգտումը

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:

Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ որպես հոգևոր և ազգային արժեքների պահապան, իր բնույթով վերկուսակցական կառույց է։ Նրա առաքելությունը վեր է կուսակցական շահերից, քաղաքական պայքարներից և իշխանության ձգտումներից։ Եկեղեցու նպատակը հոգևոր, բարոյական և ազգային կյանքի կառուցումն է, այլ ոչ թե քաղաքական ազդեցության կամ իշխանական մասնակցության ձգտումը։

Եկեղեցին ընտրական գործընթացներում

Ընտրությունների և քաղաքական մրցակցության ժամանակ եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը։ Նա չի կարող և չպետք է հրապարակայնորեն սատարի որևէ կուսակցության կամ թեկնածուի։ Սա բխում է ոչ միայն եկեղեցու վարկանիշի պահպանման անհրաժեշտությունից, այլ նաև նրա ծառայության առաքելությունից՝ լինել բոլոր հավատացյալների Եկեղեցին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։

Այս սկզբունքը վերաբերում է նաև յուրաքանչյուր հոգևորականի։ Թեև հոգևորականը (կամ նրանց մեծ մասը) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ունի քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, սակայն նրա առաքելությունը պահանջում է զերծ մնալ քաղաքական հայտարարություններից և կուսակցական կողմնորոշումներից՝ լինեն նրանք դիմադիր թե ընդդիմադիր։ Հոգևորականի խոսքը հասարակության մեջ մեծ ազդեցություն ունի, ուստի այն չպետք է դառնա կուսակցական շահերի գործիք։ Քվեախցիկում կամ քվեատուփի առջև հոգևորականն ազատ է բնականաբար իր ձայնը տալու իր նախընտրած քաղաքական ուժին և այդ մի ձայնով նպաստելու իր կողմից համակրած քաղաքական ուժի հաղթանակին։

Ազգային և կուսակցական հարցերի տարբերությունը

Կարևոր է հստակ տարբերակել ազգային և նեղկուսակցական հարցերը։ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք առնչվում են ազգային ինքնության, հասարակական արդարության, մարդու իրավունքների, անձի արժանապատվության և բարոյական արժեքների պաշտպանությանը։ Այս ոլորտներում Եկեղեցին իրավունք ունի և պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը՝ լինի դա խրախուսական, թե քննադատական։

Եկեղեցու այս դիրքորոշումը չի կարող դիտվել որպես քաղաքական միջամտություն։ Դա Եկեղեցու բնական պարտականությունն է՝ բարձրաձայնել հասարակական բարոյականության խախտումները և պաշտպանել մարդուն՝ որպես Աստծո պատկեր և նմանություն։

Կառավարության և Եկեղեցու հարաբերությունը

Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ։ Եկեղեցու տեսակետը պետք է դիտվի որպես հասարակական և բարոյական խորհրդատվություն, որը կարող է նպաստել օրենքների կատարելագործմանը և պետական որոշումների բարոյական հիմքի ամրապնդմանը։ Պետական պատասխանատու մարմինները, բնականաբար, կարող են նաև չընդունել Եկեղեցու մոտեցումները։ Եկեղեցին իր հերթին կարող է շարունակել իր քննադատական խոսքը, հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա և օրինական միջոցներով հասարակական ճնշում գործադրել՝ նպաստելով օրենքների վերանայմանն ու ու բարեփոխմանը։

Սա է առողջ հասարակության և իրական ժողովրդավարության նշանը, երբ պետությունն ու Եկեղեցին գործում են փոխադարձ հարգանքի, համագործակցության և պատասխանատվության մթնոլորտում։

Քննադատության և վիրավորանքի տարբերությունը

Ժողովրդավար հասարակության կարևոր արժեքներից է քննադատության ազատությունը։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական՝ զերծ վիրավորանքներից, հայհոյանքներից, զրպարտությունից և բամբասանքներից։

Եկեղեցին իր օրինակով պետք է ձևավորի առողջ քննադատական մշակույթ՝ ցույց տալով, որ քննադատությունը և անվանարկումը երկու տարբեր կատեգորիաներ են։ Քննադատությունը բխում է և պետք է բխի դրական մտահոգությունից և ուղղված է բարեփոխմանն ու հարստացմանը, մինչդեռ վիրավորանքը միայն քայքայում է հասարակական միասնությունը։

Եկեղեցու և պետության հարաբերությունների հիմքում պետք է դրվեն փոխադարձ հարգանքը, պարտականությունների հստակ տարանջատումը և համագործակցությունը հասարակական բարօրության համար։

Եկեղեցին կոչված է պահպանելու ժողովրդի հոգևոր հավասարակշռությունը՝ առաջնորդվելով սիրո, արդարության և ճշմարտության սկզբունքներով։ Պետությունը, իր հերթին, պարտավոր է հարգել Եկեղեցու այս առաքելությունը և պաշտպանել նրա իրավունքը՝ ունենալու և արտահայտելու իր քրիստոնեական և մարդասիրական տեսակետը։

Միայն այս փոխադարձ գիտակցությամբ հնարավոր կլինի կառուցել հասարակություն, որտեղ Եկեղեցին և պետությունը՝ յուրաքանչյուրը իր դաշտում, ծառայում են մեկ նպատակին՝ մարդու արժանապատվության, արդարության և ազգային միասնականության պահպանմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ