Իհարկե գնալու եմ Մայր Աթոռ, այն ժամանակ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Նիկոլ Փաշինյան

«Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, ասում եք՝ գնում եք պատարագի, մարդիկ չեն հավաքվում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե նա մասնակցում է պատարագների, բայց մեծ հանրություն չի հավաքվում:

Ինչ վերաբերում է իրեն ծափերով ընդունելուն՝ նշեց որ պատարագին ծափահարում են, թե չէ, որոշում է պատարագի մասնակցիը.«Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, ինչպես ասել եմ՝ դա կարևոր է ինձ համար և մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, դա ինձ համար հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհ է և ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են: Այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև ես այդ օրակարգը ձևակերպել եմ և հետևողականորեն գնալու եմ այդ օրակարգով, սա կենդանի պրոցես է, խոսակցություն է տեղի ունենում Աստծո, հանրության հետ»:

Նա նշեց, որ առաջիկայում էլի է գնալու պատարագների և ստանալու է հաղորդություն, իսկ թե ինչու է գնում, մեկնաբանեց.«Խոսքը մեր սրսբության սրբոցի Մայր Աթոռի հոգևոր և բարոյական նորոգման մասին է և դրան հասնելու, մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք, սա ինձ համար մաքրման ճանապարհ է: Չենք կարող ունենալ արժեքահենք հանրություն, եթե մեր սրբության սրբոցը աղտոտված է, բայց ի վերջո դա տեղի է ունեցել մեր միջավայրում, որովհետև մենք ենք թույլ տվել: Իհարկե գնալու եմ Մայր Աթոռ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ, այն ժամանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ