2020թ․ հոկտեմբերի 10-ի ռուսական «հոյակապ առաջարկի» գաղտնիքը պետք է բացահայտվի․ Վահրամ Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի խոսքերով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական զորախմբի մանդատը չի ճանաչել․ «Թեև ՌԴ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիր՝ Ադրբեջանը դա չի ճանաչել։ Մինչև 2023 թվականի վերջին պահն էլ Ադրբեջանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն այնտեղ են ժամանակավորապես, քանի որ դա ադրբեջանական տարածք է»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Անդրադառանալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցներին, Աթանեսյանը նկատեց՝ շատ անհարմար օր էին ընտրել․ «Այն ժամանակ, երբ Բաքվում զորահանդես է, հայ ժողովորդը՝ մանավանդ Արցախից բռնի տեղահանված բնակչությունը, հոգեբանական բարդ ապրումների մեջ է՝ փորձ անել ինչ որ մեսիջ հղել հայությանը, սփյուռքահայությանը, երրորդ կողմի պատասխանատուներին՝ տեղին չէր, կարող էին այլ ժամանակ ընտրել»։

Մեկ այլ կարևոր հանագամանք, ըստ մեր զրուցակցի, առկա ինֆորմացիայի մանիպուլյատիվ մատուցումն է․ «Երկրորդ նախագահի խոսքը սկսվում է նրանից, որ 2018-2020 թվականներին ինքն այն տպավորոււթյունն է ունեցել, որ ՀՀ վարչապետն ամեն ինչ արել է պատերազմ սկսելու համար, անմիջապես հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ երկրորդ նախագահը այդ մասին չի բարձրաձայնել»։

Հինգ տարի հետո ՀՀ-ին մեղադրել պատերազմ հրահրելու մեղադրանքով, Աթանեսյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական խոսույթի արդարացում է․ «Այդ խոսույթով փակում ենք երբևիցե սեպտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակումը միջազգային իրավական գնահատականի արժանացնելու ճանապարհը։ Մեզ ասելու են՝ ՀՀ երկրորդ նախագահն ասում է՝ պատերազմ հրահրել է ՀՀ իշխանությունը, ի՞նչ եք ուզում միջազգային հանրությունից»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ