Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ

Euronews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանա-վրացական սահմանին վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է 20 թուրք զինծառայող, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։

C-130 ինքնաթիռը Ադրբեջանից Թուրքիա էր ուղևորվում։

Երկրի պաշտպանության նախարարությունը նախկինում պարզաբանել էր, որ փրկարարական գործողությունը կազմակերպվել է Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների հետ համատեղ։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղիի հատվածում՝ վրացական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Նախարարությունը հավելել է, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել անվտանգության կամ օդային տրանսպորտի կանոնների խախտման համար, որը հանգեցրել է մահվան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների համապատասխան մարմինները մշտական կապի մեջ են միջադեպը հետաքննելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես պաշտոնական ցավակցություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին:

Վթարի մասին սկզբում հաղորդել է վրացական Imedinews լրատվամիջոցը, որը հրապարակել է ինքնաթիռի վթարի կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը արագորեն իջնում գրեթե ուղղահայաց հետագծով՝ թողնելով ծխի ամպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ