Հովհաննես Մովսիսյանը ևս երկու տարով ստանձնել է Հանրային ՀԸ-ի տնօրենի պաշտոնը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրառմամբ տեղեկացրել է , որ այսօր լրացել ու ավարտվել է իր աշխատանքային պայմանագիրը ու ներկայացրել է 5 տարիների ընթացքում իր ղեկավարությամբ կատարված աշխատանքները։

Մովսիսյանը գրառման վերջում հայտնել է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։ Գրառումը՝ ստորև․ «Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։ Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.

• Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան` Առաջինի լրատվական ալիքը Առաջին ալիք Ամերիկան Նոր ալիքը

• Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց՝ նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։

• Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։

• 2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։

• Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160,000-ից ավելի մասնակիցներով։

• 2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում են Հանրայինում։

• Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։

• Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։

• Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։

Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։

Աշխատանքը շարունակվում է»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ