Սերժ Սարգսյանի բլեֆը կամ՝ ո՞վ է 44-օրյա պատերազմից առաջ նրան զեկուցել թուրք-ադրբեջանական հետախուզության տվյալները

44-օրյա պատերազմի ելքն ազդարարած նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման նախօրեին ՀՀ նախկին երկու նախագահները որոշեցին վերստին հիշեցնել իրենց անփառունակ գոյության մասին ու բառիս բուն իմաստով հանդես եկան Հայաստանի դեմ ցուցմունքներ տալով։ Ճշգրտենք՝ այս ընթացքում մի քանի անգամ արդեն իսկ տրված ցուցմունքները կրկնելով՝ հիշյալ պատերազմի սանձազերծման թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու կարգելով այն պետությանը, որի քաղաքացիներն են իրենք և որի նախագահները լինելու բարեբախտություն են ունեցել՝ ի դժբախտություն ՀՀ քաղաքացիների։ Ըստ այդ ցուցմունքների՝ ՀՀ-ն տապալել է բանակցային գործընթացն ու այս սադրիչ քայլով Ադրբեջանին այլ ելք չի թողել, քան խնդիրը պատերազմի միջոցով լուծելը։ Սա այլ բան չի նշանակում, քան 1994-95 թթ. Զինադադարի անժամկետ համաձայնագիրը խախտելու (ընդ որում՝ այդ խախտումները խրոնիկ բնույթ են կրել նաև հենց իրենց պաշտոնավարման շրջանում) համար Ադրբեջանին արդարացնելը, սա այլ բան չի նշանակում, քան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ականջին գոռալը, որ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրում ԼՂ խնդրի «խաղաղ կարգավորման»՝ այդ նույն միջազգային հանրության առաջ ստանձնած հանձնառությունը դրժելու համար, այդ Հայաստանի՛ իշխանությունն է, որ իր «սադրիչ» կեցվածքով ստիպել է Ադրբեջանին բանակցային սեղանը փոխարինել թնդանոթներով։ Ալիևը, ենթադրում ենք, ՀՀ նախկին նախագահների կողմից հետևողականորեն մատուցվող այս «փաստաբանական անձնուրաց ծառայությունների» համար պետք է իր երկրի ԱԳՆ-ին հարող ծառուղիներից մեկը կոչի Քոչարյան-Սարգսյան զույգի անունով։

Ու մինչ մեր առաջարկի ուղղությամբ Ալիևի աշխատակազմում քննարկում տեղի կունենա՝ ընդդեմ ՀՀ-ի տրված «ցուցմունքների» համատեքստում անդրադառնանք մասնավորապես երրորդի՝ Սերժ Սարգսյանի, թող թույլ տրվի ասել, տխմարությանը, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի սկսելու պատճառներից մեկն էլ այն էր, որ «թուրքական և ադրբեջանական հետախուզությունը շատ լավ տիրապետում էր մեր բանակի մարտունակությանը և տեսնում էր, որ բանակի մարտունակությունը բավականին ընկել է։ …Իսկ 2020 թվականի օգոստոսի մեծ ասուլիսին ես ասեցի, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել»։ Այս «պատճառը», նկատենք, նորություն է նախկին ռեժիմի քարոզչական զինանոցում, հետևապես արժանի է փաստական ապացուցման։ Նախ պետք է ճշտել՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանը գիտի, ո՞վ է նրան զեկուցել թուրք-ադրբեջանական հետախուզության տիրապետած տվյալների մասին։ Եթե որևէ երկրի հետախուզության տվյալները հասանելի են դառնում երրորդ երկրի նախկին նախագահին, այն էլ այն երկրի, որի հետ հետախուզության տվյալներին տիրապետողը թշնամական հարաբերություններ ունի, ապա դա կարող է մի քանի բան նշանակել։ Մասնավորապես՝ կամ երրորդ երկրի նախկին նախագահի «մատը խառն» է այդ տվյալները փոխանցելու մեջ, եթե չասենք՝ ինքն է համագործակցել թշնամական երկրի հետախուզության հետ և հղում է անում իր փոխանցած տվյալներին, կամ էլ… մտքի հեղինակը դիմել է իր սիրած ժանրին՝ բլեֆին, դրանից բխող՝ իր համար ամոթալի հետևանքներով։

Սերժ Սարգսյանի սուտը, ինչպես ասում են, «բռնվում» է համացանցում մի քանի «բանալի բառերով» որոնում կատարելով։ Քանի որ նախկին նախագահը խոսեց 2020-ի օգոստոսի իր ասուլիսի մասին, ապա նկատենք, որ հենց նույն այդ ասուլիսում, որը, փաստորեն, նախորդեց 44-օրյային, Սերժ Սարգսյանը անթաքույց հիացմունքով էր խոսում ՀՀ զինված ուժերի մասին, ավելին՝ ընդգծում էր դրանց բարձր մարտունակությունը։ 44-օրյային, հիշեցնենք, նախորդել էր Տավուշում տեղի ունեցած սադրանքը, այսպես ասած՝ տավուշյան ռազմական բախումը, որը, նկատենք, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական ամենախոշոր բախումն էր։ Եվ ահա, ասուլիսում խոսելով այդ ռազմական բախման մասին, Սերժ Սարգսյանը 44-օրյայից մեկուկես ամիս առաջ ազդարարել էր՝ «անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերը իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր»։ Ապա անդրադառնալով այդ՝ լավագույնս կատարված խնդրի համար պարգևատրված զինվորականների թվին (ակնհայտորեն դեմ լինելով 71 հոգու բարձրագույն պարգև արժանացնելու հանգամանքին)՝ երրորդ նախագահը ազդարարել էր. «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ շատ ուրախ եմ, որ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս, գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն։ Լավագույնս ապացույցը։ Եվ ես համոզմունք ունեմ, որ ապագայում ևս մեր զինված ուժերը իրենց կդրսևորեն լավագույն կողմից»։ Արդ, ե՞րբ էր ստում Սերժ Սարգսյանը՝ 2020-ի օգոստոսի՞ն, թե՞ օրերս տեղի ունեցած փոդքասթի տաղավարում։

Ի դեպ, տավուշյան օպերացիայից հետո պարգևատրվողների մեջ էր նաև Սերժ Սարգսյանի ընկեր, նրա կառավարման օրոք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, Անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակված Յուրի Խաչատուրովի որդին՝ Երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Քանի որ խոսք բացվեց Խաչատուրովի ու թուրք-ադրբեջանական հետախուզության՝ ՀՀ ԶՈՒ մարտունակության մասին տեղյակ լինելուց, ապա ևս մեկ հարց Սերժ Սարգսյանին՝ կարո՞ղ է Խաչատուրովն է իրեն պատմել ԶՈՒ մարտունակության անկման մասին հեքիաթը, որը, փաստորեն, հասանելի է դարձել նաև երրորդ երկրների՝ թուրք-ադրբեջանական հետախուզությանը։ Ի դեպ, այդ օպերացիայի մասին խոսելիս Սերժ Սարգսյանի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, 44-օրյայից հետո քանիցս ազդարարել է՝ այն եղել է սադրանք ՀՀ-ի կողմից, սահմանային կոնֆլիկտ, որը 44-օրյա «պատերազմն անխուսափելի դարձնելու պատճառներից է»։ Հընթացս արձանագրենք՝ եթե տավուշյան դեպքերն իրոք սադրանք էին՝ հրահրված կոնֆլիկտ, ապա այլևս ակնհայտ է, թե ում պատասխանատվությամբ է եղել այն՝ 2016-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու։

Ի դեպ, մի նկատառում էլ. Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 29-ին Սարդարապատում Տավուշի մարտական գործողությունների հերոսներին պետական բարձր պարգևներ հանձնելու արարողության ժամանակ ունեցած իր ելույթում արձանագրել էր ԶՈՒ-ում նախքան այդ իրականացված բարեփոխումների մասին, որոնք միտված էին Սերժ Սարգսյանի կողմից դրվատանքի արժանացած մարտունակության բարձրացմանը: «Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ, …հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ և աներկբա ի ցույց դրեցին դրանց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն»,- մասնավորապես ազդարարել էր Փաշինյանն ու միաժամանակ վկայաբերել ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման մասին վկայող կարևոր փաստ՝ ՀՀ ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը։ «Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության և ՀՀ-ում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանում արտադրված և արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ ՀՀ-ում արտադրվածների»,- նշել էր Փաշինյանը:

Հայկական հետախուզությունը 2016-ի քառօրյա պատերազմի մասին բան չէր զեկուցե՞լ

Օտար երկրների հետախուզական տվյալներին «դոստուպ» ունեցող ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանին մեծ է գայթակղությունը հարցնելու՝ 2016-ի քառօրյա մարտական գործողությունների մասին ՀՀ ԶՈՒ հետախուզությունը բան չի զեկուցե՞լ։ Եթե ոչ, ապա ո՞ր «իշու ականջում էր քնած»։ Եթե իր պաշտոնավարման օրոք ՀՀ ԶՈՒ մարտունակությունն ավելի բարձր էր, ապա ինչու էր այդքան ցածրակարգ ու թերի բանակի կարևոր ինստիտուտներից մեկը՝ հետախուզությունը։

Ի դեպ, այս հարցին Սերժ Սարգսյանը առիթ ունեցել է քանիցս պատասխանելու, նաև վերոհիշյալ ասուլիսում։ «Ոչ, մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»,- ազդարարել էր Սերժ Սարգսյանը, նաև որպես սրտի մխիթարանք հավելել՝ «նույնիսկ աշխարհի լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն»: Տարակուսելի է, փաստորեն, 2016-ին Սերժ Սարգսյանը թուրք-ադրբեջանական հետախուզությունում «աղբյուր» չի ունեցել, որն իրեն կիրազեկեր Ադրբեջանի կողմից սկսվելիք մարտական գործողությունների մասին, իսկ այ 44-օրյա պատերազմից 5 տարի անց պաշտոնաթող նախագահի կարգավիճակում նրան հասանելի են դառնում ՀՀ ԶՈՒ մարտունակության մասին թուրք-ադրբեջանական հետախուզական տվյալներ։ Ոնց գցում- բռնում ենք, Սարգսյանի փոդքասթից հետո հարևան երկրների հետախուզական ծառայություններում պետք է տեղի ունենան պաշտոնանկություններ՝ տվյալների արտահոսք կազմակերպելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ