![]()
ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և կրթության ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները դարձել են երկխոսության կարևոր հարթակ, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն երկու անգամ համախմբվել, քննարկել և գնահատել երկկողմ համագործակցության ընթացքն ու արդյունքները կրթության ոլորտում։
«Կարելի է վստահ ասել, որ կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունն օրինակելի է։ Անցած տարիներին իրականացված բազմաթիվ բարեփոխումներ արդեն նկատելի արդյունք են ապահովել։ Հանրակրթության չափորոշչի ներդրման բարեփոխումն այն կարևոր նախաձեռնություններից է, որը ևս հնարավոր է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա տրամաբանական շարունակությունն է նաև բյուջետային աջակցության ներկա ծրագիրը, որն ուղղված է նույն նպատակին՝ ամրապնդել հանրակրթության նոր չափորոշչի գաղափարները և ստեղծել բարձրորակ կրթության հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար»,– նշել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ կրթության ռազմավարության իրականացման ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընթացների համակարգման համար.
«Սա թիմային մեծ աշխատանք է, որը մեզ հնարավորություն է տալիս համատեղ քննարկել ընթացիկ նախաձեռնությունները, փոխանակվել փորձով և տեսնել ծրագրերի իրական արդյունքները։ Կրթության ռազմավարությունը մեր երկրի ամենակարևոր փաստաթղթերից է. կարող ենք վստահաբար ասել՝ կրթության զարգացումը մեր պետության ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Սա մեծ հանձնառություն և պատասխանատվություն է, քանի որ կրթության միջոցով տալիս ենք լուծումներ հանրային և տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների։ Այդ նպատակին հասնելու հիմնական ճանապարհը մարդկային կապիտալի զարգացումն է, որի միջոցով հնարավոր է ապահովել մարտահրավերներն ու խնդիրները լուծելու մրցունակ ռեսուրս: Այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա մարդկային կապիտալի զարգացման միջոցով գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»:
Նախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմանը, ինչպես նաև Գիտության զարգացման ռազմավարությանը, որը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նա շնորհավորել է նաև գիտական հանրույթին՝ Գիտության միջազգային օրվա առթիվ. «Այս փուլում, երբ գիտությունն ու բարձրագույն կրթությունը դիտարկվում են որպես անքակտելի միասնություն, դրանք դարձել են պետության օրակարգի առանցքային ուղղություններ»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է, որ կրթության և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանի հետ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է։ «Շատ կարևոր է երկրի կայունության համար ներդրումներ անել հմտությունների, կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության ամրապնդման ուղղությամբ։ Կրթությունը նաև ժողովրդավարության հզորացման կարևոր գործիք է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ ժողովրդավարական արժեքների տարածումը և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը ԵՄ–Հայաստան համագործակցության հիմնասյուներից են։
Վասիլիս Մարագոսն անդրադարձել է նաև Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ երկրի տարբեր մարզերում իրականացվում են ծրագրեր՝ մեդիագրագիտության և տեղեկատվական հմտությունների զարգացման նպատակով:
«Կրթական բարեփոխումների ընթացքի գնահատումն ու ամփոփումը մեր համագործակցության կարևոր փուլերից են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնում են ամենշաբաթյա դինամիկ ռեժիմով»,– նշել է դեսպանը։
Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների շարքի մի մասն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու կրթական բարեփոխումների ընթացքն ու ոլորտային նախաձեռնությունները։
«Հայաստանը կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման միջնակետին. ՅՈւՆԻՍԵՖ-ը նախարարության կողքին է. այս ծրագրի իրականացման ողջ գործընթացում տրամադրվել է տեխնիկական աջակցություն տարբեր ուղղություններով՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում, դպրոցների կառավարման բարեփոխում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում, մոնիթորինգ և երիտասարդության ներգրավվածություն և այլն։ Սա մեծածավալ, բայց նաև ուսուցողական փորձ է բոլորիս համար»,- նշել է Վայգանդը։
«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» հերթական հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ պանելային քննարկմանը:
Այնուհետև ներկայացվել են ԵՄ բյուջետային աջակցության իրականացման առաջընթացը և հետագա քայլերը, ինչպես նաև ՀՀ կրթության համակարգի արագ հայտորոշումը (RED), ԹՈՒՄՈ ծրագրերը, «Արհեստական բանականության ՍԵՐՈՒՆԴ» ծրագիրը:
![]()