![]()
Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։
Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում։
Հարգելի՛ քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում նման դիտարկումները ներկայացնելու համար, սակայն կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։
Հիշեցնենք՝ լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը:
Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին: Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան տեսանկարահանելու նպատակով։
Եթե լուսան եք տեսել, խնդրում ենք տեղեկացնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով վայրն ու ժամանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()