Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Խորքային ողբերգություն, որի մեջ ապրել ենք տասնամյակներ և որը դեռ ունկնդրում ենք
Երբ Սերժ Սարգսյանը «սուր քննադատության» է ենթարկում հեռավոր, սակավամարդ գյուղում 20 երեխայի համար դպրոց կառուցելը՝ այն անվանելով միջոցների «թալան» կամ «վատնում», նա շատ անկեղծ է․․․
Իր և իր նախորդների այդ մտածողության արդյունքում է, որ ունենք Հայաստանի անհամաչափ զարգացումը, որը նմանեցնում էին ռախիդ օրգանիզմի հետ՝ գերկենտրոնացված բնակչության Երևան և մարդաթափ լինող շրջաններ։ Ավելի վատ՝ եթե ծախս կամ ներդրում էր արվում, ապա միայն Երևանի կենտրոնի վրա, անգամ նրա ծայրամասերում խոր սովետ էր, ինչ մնաց՝ մարզերում որևէ բան կառուցվեր․․․
Պատահական չէր, որ միայն երկու տարի առաջ «անոնսվեց» որ Երևանից դուրս առաջին սոցիալական բնակարանաշինության ծրագիրն սկսեց իրականացվել Էջմիածնում՝ Երևանի քթի տակ․․․
Պատահական չէր, որ նույն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կառավարությունն անթաքույց ու բարձրաձայն խոսում էր բարձր լեռնային սակավամարդ գյուղերի մարդկանց այլ բնակավայրեր տանելու մասին, քանի որ այդ գյուղերի գազաֆիկացումը ձեռնտու չէր, մանկապարտեզ ու դպրոց պահելը ձեռնտու չէր․․․
Որովհետև Սերժ Սարգսյանն ու իր նախորդները նման հարցերը դիտակում էին «բիզնես նպատակահարմարության» տեսանկյունից, այլ ոչ թե՝ պետության ռազմավարական հեռանկարի․․․
Դեհ, արի ու բացատրի, որ ԱՄՆ տպավորիչ գումարներ է տալիս իր այն քաղաքացիներին, ովքեր կապրեն Ալյասկայում՝ ցրտաշունչ պայմաններում, քանի որ հասկանում է այնտեղ բնակչություն ունենալու կարևորությունը։ Դեհ, արի Սերժ Սարգսյանին բացատրի, որ Թրամփը Գրենլանդիայի նկատմամբ նկրտումների երկարաժամկետ հեռանկարում դժվար թե չունենա այնտեղ բնակչություն, դպրոց ու մանկապարտեզ հիմնելու անհրաժեշտություն․․․
Բայց Սերժ Սարգսյանը հակասության մեջ է մտնում մեկ այլ իրականության հետ։ Եթե որևէ բնակավայրում դպրոց, մանկապարտեզ ունենալու ծանրակշիռ հիմնավորումը բնակչության քանակն է, այդ դեպքում պետք է ընդուներ, որ աշխարհում ոչ մեկ լուրջ չի ընդունելու 160,000 բնակչությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, քանի որ այդ բնակչությունն ամենևին ինքաբավ չէ հայկական 2-րդ պետականության ճանաչման համար։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ էր Հայաստանի ուսերին պահում մի բան, որն իր իսկ տրմաբանության շրջանակներում «գոյության իրավունք չուներ»․․․ Չէ, ես չեմ ասում, թե չուներ։ Այդպես ստացվում է Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ․․․
Իրականում, անշուշտ, հեռավոր, այն էլ՝ սակավամարդ բնակավայրում դպրոց, մանկապարտեզ կառուցելը, այո, ռիսկային է։ Բայց ո՞վ կմտնի նման ռիսկի տակ, եթե ոչ միայն պետությունը․․․ Դա միայն պետությանն է կենսականորեն անհրաժեշտ, ուրիշ ոչ մեկի՝ ոչ մի բիզնեսմենի, ոչ մի խմբակի։ Ու պատահական չէ, որ պետությունը բիզնես կամ մաֆիայի խմբակ պատկերացնողներն են հենց ընդվզում պետության այդպիսի ռիսկային ռազմավարական ներդրման դեմ․․․
Ի՞նչ կաներ ռազմավարական մտածողությամբ ընդդիմությունը․ կողջուներ, որ պետությունը Մեդովակայում նման դպրոց է կառուցել, բայց կպահանջեր, որպեսզի կառավարությունը այնպիսի խթանիչներով ու արտոնյալ պայմաններով քաղաքականություն իրականացնի, որպեսզի Արցախից եկած ու Երևանում, երևանամերձ բնակավայրերում անտուն թափառող մարդիկ շահագրգռված լինեին գնալ Մեդովկա կամ նման բնակավայրեր ապրելու․․․ Որպեսզի Ռուսաստանից ու այլ երկրների հայեր էլ դիտարկեին իրենց հայրենադարձությունը դեպի Մեդովկա՝ օգտվելու տրամադրված խթանիչներից ու արտոնություններից։ Այդ դեպքում 20 երեխան կդառնար 40, 50, 60․․․ Այդ դեպքում այդ գյուղերը կսկսեին վերակենդանանալ․․․
Բայց ո՞ւմ եմ ասում․ սակավամարդ, ծերացած գյուղերում դպրոցաշինության դեմ «ընդվզողները» իրենց կյանքում ամեն բան հաշվարկել են «իսկ ինչքա՞ն քյար ունեմ ես» հարցադրման տեսանկյունից։
Դրա համար էլ նրանց կողմից հին մտածողության բարձրաձայնումը դեռևս դեժավյու է առաջացնելու․․․
![]()