![]()
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում:
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:
Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ են եղել հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվել է հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը:
![]()