![]()
Հոտը լքած Կտրիճը այլոց կարգալույծ անելու ոչ բարոյական և ոչ էլ հոգևոր իրավունք չունի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ մանրամասնելով.
«Կտրիճ Ներսիսյանը, որ ժամանակին կոչված էր ծառայելու եկեղեցուն և հավատավոր ժողովրդին, այսօր իր որոշումներով բերում է ոչ թե միավորում, այլ բաժանում։
Տեր Տարոնին կարգալույծ հռչակելու փորձը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կտրիճի քայլերը ոչ թե Աստծո կամքով են, այլ անձնական վիրավորվածությամբ թելադրված։ Երբ որոշումները բխում են վրեժից, դրանք այլևս չեն կարող ունենալ հոգևոր արժեք։
Վեհարանը պիտի լինի մաքրության, արդարության և ներողամտության խորհրդանիշ։ Այնտեղ տեղ չունի հաշվեհարդարը կամ ամբարտավանությունը։
Ցավալի է, բայց այսօր եկեղեցու ներսում ձևավորվել է մի իրավիճակ, երբ հավատարմությունը Կտրիճին ավելի կարևոր է, քան հավատարմությունն Աստծուն։
Եկեղեցին չի կարող դառնալ մեկ անձի իշխանության գործիք։ Ժողովուրդը պետք է տեսնի և հասկանա՝ քինախնդիր ու ցածրաշխարհ մարդը չի կարող վեհ որոշումներ կայացնել։
Ամեն կիրակի ժողովուրդը պատարագի է գնալու, դեռ որքա՞ն հոգևորականների ես այս շղթայում զոհաբերելու աթոռդ պահելու համար։ Հենց այստեղ էլ հերթական անգամ ապացուցվում է քո թուլությունը, որ առավելագույնը կարող է ուժդ բավարարել քահանային կարգալույծ անելուն։
Եվ, վերջապես, ամիսներ շարունակ տրված հարցը մնում է նույնը՝ Կտրիճ Ներսիսյան, դու զավակ ունե՞ս, թե՞ ոչ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Հայ առաքելական եկեղեցին այժմ կաթողիկոս չունի, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում:
![]()