![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորեն գալը հավաստում է, որ տարածաշրջանին հեռու-մոտիկ երկրները հաշտվել են այն մտքի հետ, որ խաղաղությունը եկել է, և այդ հանգամանքն օգտագործելով՝ փորձում են գումար վաստակել:
«Ասում են՝ գնացքը Ադրբեջանի տարածքով անմիջապես Հայաստան չի մտել, իսկ ինչո՞ւ, որովհետև ռելսերը կերել են, երբ Քոչարյանն էր ՀՀ-ն ղեկավարում: Գնացքը պետք է մտնի Վրաստան, որ գա Հայաստան»,- նկատում է նա:
Կարապետյանն ընդգծում է՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է տնտեսությունը. «Խոսքը միայն ռուսական ցորենի մասին չէ, ղազախականն էլ է գալու, գուցե մի օր էլ Ուկրաինայից բերենք»:
Նա միտում չի տեսնում, որ առաջինը ռուսական ցորենն է հասել ՀՀ. «Ի հեճուկս բոլոր քաղաքական հայտարարությունների՝ տնտեսությունը իր շահը կգտնի և օգուտներ կբերի բոլորին»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պնդմանը, որ խաղաղություն չի տեսնում, իշխող ուժի անդամը նկատում է. «Երբ ամեն օր զինվորներ էին մահանում, դա՞ է Սերժ Սարգսյանի պատկերացրած խաղաղությունը, իսկ Քոչարյանի ղեկավարման տարիները ամենաարյունալին են եղել: Հակամարտությունն օգտագործում էին իրենց իշխանությունը պահելու և կապիտալ կուտակելու համար»:
Ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը, պատգամավորն ասում է՝ դա կամրապնդի ՀՀ-Ադրբեջան խաղաղությունը:
Մարիա Կարապետյանի կարծիքով՝ Եկեղեցու և ԿԳԲ-ի կապի մասին ամենաարժանահավատ վկայությունը տվել է Գևորգ (Միքայել) Աջապահյանը, երբ ասել է, որ ԿԳԲ-ն սովետական շրջանում փորձել է եկեղեցում գործակալներ ներդնել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()